Շուրջ երկու ամիս առաջ իշխանամետ «Ժողովրդավարական երկիր Ադրբեջան» կուսակցությունը հայտարարեց, որ մտադիր է նախագահի թեկնածու առաջադրել «հանրապետության առաջին տիկին Մեհրիբան խանում Ալիեւային»: Կառավարող «Ենի Ազարբայջան»-ը հակադարձեց բավական ուշացումով, բայց պնդեց, որ «Մեհրիբան Ալիեւան պաշտպանում է Իլհամ Ալիեւի թեկնածությունը»: Ինքը` Մեհրիբան Ալիեւան, որեւէ հայտարարություն չարեց: Այս մասին գրում է «Ազգ» օրաթերթը և հավելում.
Հաջորդեց տեղեկատվություն, որ Մեհրիբան Ալիեւան Ֆրանսիայում է, որտեղ «կազմակերպել էր Ադրբեջանի մշակույթի օրեր»: Ապա ադրբեջանական մամուլում կարճառոտ լուր հայտնվեց, որ «առաջին տիկինը սրբազան Ռամազան ամսվա կապակցությամբ Պակիստանում ներկա է գտնվել իֆտարի արարողությանը»: Առ այս պահը Մեհրիբան Ալիեւայի գտնվելու վայրի եւ զբաղվածության մասին այլ տեղեկություններ հայտնի չեն:
Դիտարժան է, որ Ռուսաստանի նախագահ Պուտինին «թեյասեղանի շուրջը հյուրընկալելով սեփական հարկի տակ»ՙ Իլհամ Ալիեւը միայնակ էր կատարել տանտիրոջ պարտականությունները: Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում այդ առթիվ տեղադրված լուսանկարներում Մեհրիբան Ալիեւան բացակայում է: Հնարավոր էՙ դա արվել է արարողակարգային նկատառումներով, որպեսզի Ռուսաստանի նախագահին անհարմարություններ չպատճառվեն` նկատի ունենալով, որ Պուտինը վերջերս է ամուսնալուծվել:
Բայց Մեհրիբան Ալիեւան ներկա չի եղել նաեւ որդու` կրտսեր Հեյդար Ալիեւի, դպրոցը ոսկե մեդալով ավարտելու եւ Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիա ընդունվելու կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը: Ճիշտ է, հանդիսությանը չի մասնակցել նաեւ Իլհամ Ալիեւը, սակայն դա կարելի է բացատրել «խիստ զբաղվածությամբ», ինչը «թիվ մեկ շրջանավարտի» մոր դեպքում նվազ հավանական է:
Աչքի է զարնում նաեւ այն, որ վերջին շրջանում Իլհամ Ալիեւը շատ հաճախ է ուղեւորություններ կատարում Ադրբեջանի ծայրագավառներ, բայց առաջին տիկինը նրան չի ուղեկցում: Նախկինում իշխող զույգը գրեթե միշտ հանրությանը ներկայանում էր միասին` ստեղծելով «ավանդապաշտ ամուսինների» տպավորություն: Մեհրիբան Ալիեւան իշխանության PR-ի անբաժան մասն էր, պաշտոնական քարոզչությունը նրա համար ձեւավորում էր «ազգի մոր» իմիջ:
Տրամաբանորեն նախընտրական շրջանում իշխող վարչախումբը պետք է ձգտեր խորացնել նախկին տպավորությունները: Տեղի է ունենում ճիշտ հակառակը. լրատվական հոսքերից Մեհրիբան Ալիեւայի անունն ընդհանրապես բացակայում է: Որոշ առումով դա տարածվում է Փաշաեւների վրա առհասարակ: Մամուլը եւ էլեկտրոնային ԶԼՄ-ները չեն խոսում ոչ Նարգիզ Փաշաեւայի` Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի Բաքվի մասնաճյուղի ռեկտորի եւ առաջին տիկնոջ հարազատ քրոջ, ոչ ակադեմիկոս Արիֆ Փաշաեւի` Մեհրիբան Ալիեւայի հոր, ոչ հորեղբոր` Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր Հաֆիզ Փաշաեւի մասին: Այս անձինք նախկինում մշտապես լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էին:
Այսքան «պատահականություններ» չեն լինում: Ակնհայտ է, որ իշխող ընտանիքում «ինչ-որ բան այն չէ»: Հնարավոր էՙ Իլհամ Ալիեւը կնոջն արգելել է հրապարակային գործունեությամբ զբաղվել` զգուշանալով, որ դա կարող է սրել նրան նախագահի թեկնածու առաջադրելու որոշակի շրջանակների նպատակադրվածությունը:
Այս և այլ ուշագրավ հոդվածներ կարող եք ընթերցել «Ազգ» օրաթերթի այսօրվա համարում: