«Ժամանակ» թերթը գրում է. «Ուրբաթ օրը պայմանական վաղակետ ազատ արձակման հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող, հոկտեմբերի 27-ի գործով կարեւորագույն վկաներից մեկի սպանությունը պատվիրելու եւ կազմակերպելու համար անազատության դատապարտված Արթուր Այվազյանին (Մանախ):
Եվ եթե անկախ հանձնաժողովը հաստատի, ու դատարանը բավարարի միջնորդությունը, ապա Մանախը պայմանական վաղակետ ազատ կարձակվի: Չնայած որ նրան ընդամենը 6 ամիս է մնացել պատիժը կրելու:
Սա, ըստ էության, շատ անսպասելի որոշում է, քանի որ այս դատապարտյալը 10 տարուց ավելի պայքարում է, դիմում է պայմանական վաղակետ ազատ արձակման, ռեժիմի փոփոխության համար, սակայն անդադար ու չհիմնավորված մերժումներ էր ստանում: Բացի այդ՝ պայմանական վաղաժամկետ հանձնաժողովի որոշումը բացառիկ է նրանով, որ տարածվել է այնպիսի հոդվածով դատապարտվածի վրա, ինչպիսին է 104-րդ հոդվածը:
Հիշեցնենք, որ ամեն բան սկսել էր նրանից, որ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանը հերթական անգամ մերժել էր Մանախի դիմումը, որով նա բողոքարկել էր քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովի որոշումը: Դատապարտյալը իր պաշտպան Հայկ Ալումյանի հետ բողոքարակել էր առաջին ատյանի որոշումը՝ խնդրելով վերացնել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովի համապատասխան որոշումը, որով մերժվել էր փոխել Արթուր Այվազյանի ռեժիմը միայն այն պատճառով, որ նա դատապարտված լինելու ժամանակ կրկին հանցագործություն է իրականացրել, եւ բացի դրանից, պատիժը կրելու ընթացքում 9 անգամ ենթարկվել է կարգապահական տույժի, չի խրախուսվել:
Վերաքննիչ դատարանն էլ գտել էր, որ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովը միայն Այվազյանի՝ պատիժը կրելու ընթացքում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար կրկին դատապարտված լինելու հանգամանքը դեռեւս բավարար պատճառ չի կարող հանդիսանալ դատապարտյալի ռեժիմի փոփոխության համար:
Դատախազությունը չէր բողոքարկել, եւ հուլիսի 23-ին դատարանի որոշումը մտել էր ուժի մեջ, եւ ենթադրվում էր, որ հաջորդ իսկ օրը դատապարտյալի ռեժիմը պետք է փոխվեր, սակայն դատարանի որոշումը չէր կիրառվել թերեւս այն պատճառով, որ Սերժ Սարգսյանը արձակուրդում էր, իսկ Արդարադատության նախարար չունենք դեռեւս: Սակայն հանձնաժողովի ուրբաթ օրվա որոշումից հետո առաջիկա օրերին անկախ հանձնաժողովի անդամները պետք է հանդիպեն դատապարտյալի հետ, տան իրենց եզրակացությունը եւ որոշումն ուղարկեն դատարան:
Ուշագրավ է, սակայն, որ եթե դատարանը չբավարարի Մանախի պայմանական վաղակետ ազատ արձակման որոշումը, ապա նա հաջորդիվ 6 ամիս այլեւս չի կարող դիմել ազատ արձակման համար, իսկ 6 ամիս հետո լրանում է նրա պատժի ժամկետը:
Այսինքն՝ այս կերպ իշխանությունները կամ պատկան մարմինները փորձում են ցույց տալ, որ թյուր են կարծիքները, թե մեր երկրում պայմանական վաղակետ ազատ արձակման ինստիտուտը չի գործում: Հակառակը, գործում է եւ մի բան էլ տարածվում է անգամ սպանության հոդվածներով դատապարտվածների վրա: Սակայն որոշումը հասցնելով դատարան՝ կարող են մերժել եւ եւս 6 ամիս թույլ չտալ դատապարտյալին՝ օգտվելու պայմանական վաղակետ ազատ արձակման իր իրավունքից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում