Համայն աշխարհի հայ համայնքները պատրաստվում են Հայոց ցեղասպանության հարյուրամյակին 2015 թվականի ապրիլի 24-ին, համակարգելով իրենց ոգեկոչման ծրագրերը տեղական, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում:
Երկու տարի առաջ Հայաստանում ստեղծվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող համահայկական հանձնաժողով, որի կազմի մեջ մտան Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ղեկավարները, կրոնական առաջնորդները և սփյուռքի քաղաքական, բարեսիրական ու մշակութային գլխավոր կազմակերպությունների ներկայացուցիչները: Տեղական հանձնախմբեր ձևավորվեցին զանազան երկրներում: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Հայոց ցեղասպանության հանձնախմբի միջազգային փորձագետներն անցյալ ամիս հավաքվել էին Երևանում՝ հատուկ ծրագրեր մշակելու, որոնք պետք է ներկայացվեն Ցեղասպանության հարյուրամյակի համահայկական հանձնաժողովի մայիսի 30-ի ժողովում:
Ապրիլի 6-ին, Միջին Արևելքի ութ երկրների (Կիպրոս, Եգիպտոս, Իրաք, Քուվեյթ, Լիբանան, Սիրիա, Միացյալ Արաբական Էմիրություններ և Իրան՝ ներկայացված Թեհրանի, Սպահանի և Թավրիզի հանձնախմբերով) Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հանձնախմբերը հավաքվեցին Բեյրութում, տարածաշրջանային մակարդակում իրենց միջոցառումները համակարգելու համար: Խորհրդաժողովին մասնակցում էր նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը նախագահում էր խորհրդաժողովում և հանդես եկավ դիպուկ ելույթով՝ ուրվագծելով այն սկզբունքները, որոնցով պիտի առաջնորդվեն տարածաշրջանային հանձնախմբերը Հայոց ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումներին նախապատրաստվելիս: Արամ Վեհափառը նպատակները ձևակերպեց հետևյալ երեք հիմնական բառերով. «ՀԻՇԵԼ, ՀԻՇԵՑՆԵԼ ԵՎ ՊԱՀԱՆՋԵԼ»:
Շարունակելով իր խոսքը՝ Վեհափառ հայրապետը բացատրեց. «Հարյուր տարի շեշտը դրեցինք Ցեղասպանությունը հիշելու վրա: Մոմեր վառեցինք, ոգեկոչման երեկոներ կազմակերպեցինք և գրքեր տպեցինք: Այս բոլորը կարևոր են, որպեսզի մեր նոր սերունդները մեր նահատակների նվիրական կտակով և ոգիներով թրծվեն: Սակայն միայն այս կետերի վրա չպիտի կենտրոնանանք: Հարյուր տարի հիշեցրինք մարդկանց՝ ցույցեր կազմակերպելով, լոբբինգի աշխատանքներ կատարելով և մեր ձայնը լսելի դարձնելով: Մեր նպատակն է նույնը շարունակել այլ մոտեցումներով: Սակայն, անհրաժեշտ է շեշտը դնել պահանջատիրության և հատուցման վրա»:
Վեհափառը ներկաներին հիշեցրեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հովանավորությամբ անցյալ տարի կազմակերպված «Ճանաչումից հատուցում» թեմայով միջազգային համագումարի մասին՝ միջազգային իրավագետների մասնակցությամբ. «Այսօր մենք մասնագետ իրավագետների պահանջ ունենք, որպեսզի միջազգային ատյաններում մեր Դատը կարողանանք ճիշտ ձևով ներկայացնել, պաշտպանել և հետապնդել», ասաց Կաթողիկոսը:
Շարունակելով իր խոսքը՝ Արամ Առաջինը խորհուրդ տվեց աշխատանքի բաժանում կատարել Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի միջև. «Մենք պետք է միասնական ճիգով աշխատենք: Մեր մոտեցումներն ու շեշտադրումները կարող են տարբերվել իրարից. երբեմն պե՛տք է տարբեր լինեն: Չմոռանանք, որ Հայաստանը պետություն է, իսկ Սփյուռքը՝ սփյուռք: Պետությունը սփյուռքի և սփյուռքը պետության լեզվով չպիտի խոսեն: Յուրաքանչյուրն իր հատուկ ասելիքն ու անելիքն ունի: Սակայն, տարբեր մոտեցումների միջև պետք է լինեն ներքին ներդաշնակություն և համադրում: Այլ խոսքով, պետք է միակամ ծրագրենք ու գործենք՝ ամուր կառչած մնալով պահանջատիրությանը»:
Այնուհետև Կաթողիկոսը կոչ արեց Հարյուրամյակի աշխատանքների շրջանակներում ընդգրկել Աֆրիկայի, Հեռավոր Արևելքի և Հարավային Ամերիկայի տարածաշրջանները: Անդրադառնալով Միջին Արևելքին, Արամ Առաջին կաթողիկոսն ուշադրություն դարձրեց երեք կարևոր կետերի վրա.
1. Իսլամական աշխարհում Հայ դատի հետապնդումն այլ մոտեցում է պահանջում, քանի որ Թուրքիան մահմեդական պետություն է:
2. Տարածաշրջանում Թուրքիայի հետզհետե հզորացող և ներթափանցող ազդեցությունը լուրջ հիմնախնդիր է. «Տարածաշրջանի երկրների ղեկավարների հետ հանդիպումների ընթացքում, միշտ հիշեցնում եմ նրանց՝ ասելով . «Թուրքիայի առջև ձեր դռները շատ լայն եք բացել: Կգա այն օրը, երբ դուք կհասկանաք ձեր սխալը: Թուրքիան տարբեր դիմակներ է գործածում»: Հետևաբար, մենք պետք է արթուն լինենք, քանզի ցեղասպանը մոտիկից հետևում է մեր քայլերին: Մենք չպիտի նահանջենք և չպիտի թուլանանք Թուրքիայի միջամտություններից»:
3. Ցեղասպանությունն անցյալին պատկանող դեպք չէ: Սփյուռքը Ցեղասպանության հետևանքն է, և որոշ իմաստով, Ցեղասպանությունը դեռ շարունակվում է:
Իր եզրափակիչ խոսքում Արամ Առաջին կաթողիկոսը Ցեղասպանության ճանաչման և հատուցման հայկական ջանքերը բաժանեց երեք հարթությունների. պատմական, քաղաքական և իրավական: «Ժամանակը հասել է, որ առանց անտեսելու առաջին երկուսը, հատուկ առաջնահերթություն տանք իրավական կողմին: Այս առումով, հսկայածավալ աշխատանք ունենք անելու», ասաց նա:
Հատկանշական է, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի համահայկական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը, նույնպես ելույթ ունենալով Բեյրութում կայացած տարածաշրջանային խորհրդաժողովում, նշեց. «Մենք գիտենք, որ չենք կարող վերացնել Հայոց ցեղասպանության որոշ հետևանքները, ինչպես՝ զոհերն ու ավերված եկեղեցիները, այնուամենայնիվ, գլխավոր հետևանքը հողի կորուստն է»:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի