Այսօր առողջապահության նախարարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ վարչապետը հետաքրքրվել է, թե ինչպես են բաշխվում պետական պատվերի շրջանակում տրամադրվող միջոցները՝ ինչ մեխանիզմով և հայտանիշներով:
Կառավարության ղեկավարը նշել է, որ մարզային այցերի ժամանակ ծանոթացել է պետպատվերի բաշխման գործընթացին, որն արդյունավետ և հասցեական չէ, և ստվերային շրջանառությունը վերացնելու համար անհրաժեշտ է հիմնովին փոխել պետական մոտեցումն այս ոլորտում:
«Դուք մշակե՞լ եք հստակ, կոշտ ադմինիստրատիվ ծրագիր՝ պետպատվերով աշխատող բուժհաստատությունների համար, որի նպատակը պետք է լինի հետևյալը. քո կոմերցիոն բաղադրիչը պետք է լինի այսքան, եթե ոչ, մինչև ես գամ հասնեմ իդեալական համակարգին, հաջորդ տարի քո հայտը տալու ժամանակ քեզ նայելու եմ որպես շատ ստվերային կառույց և պետպատվեր չեմ տալու: Եթե ես ձեր փոխարեն լինեի, հաջորդ տարի նրանց համար, ովքեր գալու են պետպատվեր վերցնելու, հայտանիշներով շատ կոշտ կոմերցիոն ծավալը կբարձրացնեի», - ասել է Կարեն Կարապետյանը:
Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը զեկուցել է, որ նախատեսվում է այս տարվա հուլիսին պետպատվերի համակարգում բարեփոխումների նախագիծը ներկայացնել կառավարություն, իսկ հոկտեմբերից՝ տալ մեկնարկը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է արագացնել աշխատանքները:
Կարդացեք նաև՝ Գրադիենտնի ճիշտ ուղու վրա եք, բայց տեմպերը մի քիչ արագացրեք. Կարեն Կարապետյան