▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ն լուրջ խնդիրներ կունենա, եթե էական փոփոխությունների չգնա

Հայաստանյան ներքաղաքական զարգացումների մասով 2012-13 թվակականները շատ կարևոր էին հենց միայն այն առումով, որ մեկ տարվա ընթացքում 3 կարևոր ընտրություններ անցկացվեցին:
Չնայած այն հանգամանքին, որ երեք ընտրություններում էլ հաղթանակ տարավ ՀՀԿ-ն, սակայն միամիտ պետք է լինել կարծելու համար, թե առանց լուրջ բարեփոխումների գործող իշխանությունը հնարավորություն կստանա սահուն ընթացք վերցնել մինչև հաջորդ՝ 2017-18 թվականների ընտրական ցիկլ: Ընդ որում՝ 2017-18 ընտրություններին պատշաճ ներկայանալու համար ՀՀԿ-ն ինքն իր ներսում պետք է լուրջ փոփոխությունների գնա, հարցը վերաբերում է ոչ միայն կուսակցության կառուցվածքային, այլև կադրային քաղաքականությանը:
Իհարկե, վերոնշյալ խնդիրներն առկա են նաև հայաստանյան մյուս՝ շատ, թե քիչ ակտիվ կուսակցություններում, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀԿ-ն հիմնական իշխող ուժն է, նրա դեպքում բարեփոխումների անհրաժեշտությունն այլ բնույթ է կրում:
Ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակը շատ գործոններով կարելի է պայմանավորել, սակայն նման հաջողությանն ամենից շատ նպաստեց հենց ինքն ընդդիմությունը: Նաև դրանով էր պայմանավորված այն, որ չնայած հասարակության բավականին մեծ զանգված դժգոհ էր իշխանության կողմից վարվող քաղաքականությունից, սակայն ի վերջո ՀՀԿ-ն հասավ իր նպատակին: Ընդդիմության չմիավորվելը, ընդդիմադիր կուսակցությունների պասիվ կուսակցաշինական աշխատանքները, հասարակության հետ ճիշտ չաշխատելու գործոնները ընդիմադիր ուժերի պարտության հիմնական պատճառներից են, սակայն այս ցանկը կարելի է շարունակել:
Ակնհայտ է, որ և՛ քաղաքական համակարգի կայացման, և՛ իշխանության կողմից արդյունավետ քաղաքականության իրականացման տեսանկյունից ընդդիմադիր ծանրակշիռ ուժերի առկայությունը անհրաժեշտություն է, սակայն պետք է փաստել, որ հատկապես ընդդիմադիր դաշտում ոչ միայն տեսանելի չէ նման ուժերի ի հայտ գալը, այլև որոշ ընդդիմադիր կուսակցություններում ներքին ճգնաժամը խորանալու միտումներ է դրսևորում:
Այս պայմաններում, ՀՀԿ-ն բացառիկ հնարավորություն է ստացել առաջ անցնել մյուս կուսակցություններից և այս գործընթացում մեկնարկային առավելություն ստանալ, հակառակ դեպքում` 2017-18 թվականներին ՀՀԿ-ն լուրջ խնդիրների հետ կբախվի:

Ամփոփելով խոսքս ընդգծեմ, որ հաջորդ ընտրական փուլում հաջողություն կունենան այն կուսակցությունները, որոնք առաջիկա չորս տարիների ընթացքում կուսակցաշինության հարցում լուրջ արդյունքներ կարձանագրեն:

Քաղաքական փորձագետ Տիգրան Աբրահամյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее