«Երկու օր է, ինչ ինտերնետ տիրույթի խոսակցության թեման պոռնոաստղ Քիմ Քարդաշյանի Հայաստան սպասվող այցն է եւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ՀՀԿ-ական կանանց լուսանկարները: ՀՀԿ իգական սեռի իդեոլոգները շաբաթ օրը 3 հազար կանանցով բարձրացել էին Եղեռնի հուշահամալիր` թշնամուն ցույց տալու, որ իրենք միասնական են, իրենք դեմ են ցեղասպանությանը: Ուզում էին լավ բան անել, բայց ստացվեց ինչպես միշտ:
Մինչդեռ հենց ՀՀԿ-ն է կոկորդ պատռում, թե Ցեղասպանության 100-ամյակը նուրբ թեմա է, եւ այն պետք չէ շահարկել: Մասնավորապես, նրանց մեղադրանքներն ուղղված են Ժիրայր Սեֆիլյանի «100-ամյակն առանց ռեժիմի» շարժմանը, որն ապրիլի 24-ին հեղափոխություն է նախատեսում, մինչդեռ «թուրքը դա կտեսնի ու կծիծաղի մեզ վրա»:
Հիմա ՀՀԿ կանայք՝ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ, ոչ միայն «թուրքին», այլեւ ողջ հանրությանը ցնցեցին: ՀՀԿ կանանց հրճվալից լուսանկարների տակ տեղադրված անպարկեշտ պիտակավորումները ցույց տվեցին, որ մարդկանց զայրույթին չափ ու սահման չկա: Երեկ տեղեկացանք, որ վիրավորված տիկնայք քննարկման են դրել իրենց մասին արված կոլաժներն ու անպարկեշտ խոսքերը եւ որոշել են դատի տալ իրենց «անբարոյականի» պիտակ կպցնողներին:
Սակայն տեղեկացանք նաեւ, որ նրանց այս պահանջը չի ողջունվել կուսակցական այրերի կողմից, քանի որ ապրիլի 24-ին ընդառաջ դատական գործընթացները կարող են բացասաբար ազդել երկրի իմիջի վրա: ՀՀԿ այրերը ՀՀԿ կանանց համոզել են, որ պատվի ու արժանապատվության հարցերը բարձրացնեն ավելի ուշ կամ մոռանան դրանց մասին` համարելով հանրության էմոցիոնալ պոռթկումներ: Կուսակցության վերնախավը համոզել է տիկնանց նախ պարզաբանումներով իրավիճակը խաղաղեցնել, արդարացնել, թե պահանջատեր լինելը դեռ չի նշանակում տխրադեմ ու ողբաձայն լինել: Որոշվել է, որ պարզաբանումների պարտականությունը դրվի դպրոցների տնօրենների վրա, ովքեր, կադրային կրճատումներով սպառնալով ուսուցիչներին, ստիպել են բարձրանալ Ծիծեռնակաբերդի բարձունք: Որոշել են պարտադրել հարեւան-բարեկամներին՝ որտեղից հնարավոր է սեւ հագուստ, կոշիկ ճարել, որպեսզի հաջորդ անգամ շոուն լիարժեք լինի:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից երեկ հետաքրքրվեցինք, թե քննարկե՞լ են արդյոք գործընկերուհիների վարքագիծը եւ ի՞նչ քայլեր են ձեռնարկելու: «Եթե մի հատ ժպիտով նկար են կարողացել գտնել այդ ամենի մեջ ու քննադատում են, բնականաբար, արդեն դա նորմալ չեմ համարում… եւ այնտեղ միջոցառումն անցկացրել են հավուր պատշաճի, եթե ինչ-որ մի նկար է եղել, որ ժպիտով է արվել… Բայց ո՞վ է ասում, որ մենք որպես պարտություն պետք է վերաբերվենք… ոչ թե լացով պետք է գրավենք ուշադրությունը, այլ հարկավոր է այդ լացից դուրս գանք, որպեսզի մեզ չխղճան»,-ասաց Բաղդասարյանը: Բայց խոսքը ողբալու մասին չէ, այլ զուսպ, առանց տեսարանների հարգանքի տուրք մատուցելու, ինչո՞ւ դա չի ստացվում ՀՀԿ-ի մոտ: «Միջոցառումը նորմալ է եղել, ես լրագրողներին էլ կոչ եմ անում, որ որեւէ մեկն անգամ փորձ չկատարի, որ մարդիկ ինչ-որ երկրների, մեր թշնամիները մեզ խղճահարությունով մոտենան… ինչ վերաբերում է երջանկությանը, չի եղել նման բան, դա լրատվական հնարք է կամ այլ վատ ցանկացողների: Մենք կոչ ենք անում, որ մեզ ավելի խրոխտ պահենք, որ մենք պահանջատեր ենք, ոչ թե խղճահարության առարկա»:
Ուշագրավ այլ նյութեր` «Հրապարակ» թերթում