Երեկ միանգամից երկու միջադեպ է արձանագրվել հայ-ադրբեջանական սահմանի՝ այս անգամ արդեն ՀՀ ՊՆ զինված ուժերի պատասխանատվության տակ գտնվող հատվածում: Նախ՝ երեկ առավոտյան հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը հունվարի լույս 21-ի գիշերը՝ ժամը 3-ի սահմաններում, դիվերսիոն գործողություն է կազմակերպել Քարվաճառի դիրքերից մեկի ուղղությամբ, ինչի արդյունքում զոհվել է 32-ամյա պայմանագրային զինծառայող Նահապետ Ասատրյանը, իսկ Օնիկ Գասպարյանը վիրավորվել է: Իսկ արդեն երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում Տավուշի հայ-ադրբեջանական սահմանի դիրքերից մեկում ժամը 18-ի սահմաններում հրազենային մահացու վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող 35-ամյա Արման Ռաշիդի Ուդումյանը: Վերջինս եղել է Տավուշի մարզի Չորաթան գյուղի բնակիչ: Այսպիսով՝ չնայած պաշտոնապես մարտական գործողությունները չեն վերսկսվել, բայց Ադրբեջանը, ըստ էության, միակողմանի պատերազմ է սկսել: Ստեղծված իրավիճակը ՀՀ իշխանություններից պահանջում է ոչ միայն արագ եւ հստակ քայլեր իրականացնել՝ ադրբեջանական կողմին սաստելու համար, այլեւ կտրուկ փոխել Հայաստանում առկա բարոյահոգեբանական մթնոլորտը: Այս խնդրի միակ լուծումը կարող է լինել այն, որ ՀՀ բոլոր մեծուփոքր պաշտոնյաները, մեծահարուստները, ովքեր ունեն զինապարտ որդիներ, որոնք ինչ-որ հիմնավորմամբ տարկետում են ստացել եւ չեն զորակոչվել բանակ, թեկուզ մեծ «հանդիսավորությամբ» ինքնակամ հրաժարվեն տարկետումներից եւ մեկնեն բանակ՝ պաշտպանելու մեր սահմանները: Այսպիսով՝ իշխանական թիմը կարող է ՀՀ քաղաքացիներին համոզել, որ չնայած կոռումպացված է, բայց անհայրենիք վարձկան չէ: Կկարողանա ապացուցել, որ Հայաստանն իրենց միայն թալանի համար չէ, որ պետք է, այլ իրականում Հայաստանի Հանրապետությունը նաեւ իրե՛նց Հայրենիքն է, ոչ թե միայն անապահով եւ իրենց երեխաներին բանակից ազատել չկարողացող շարքային քաղաքացիներինը:
Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ» թերթում