nyut.am-ը գրում է. Հայաստանի տարեկան բյուջեն մոտ 4 միլիարդ դոլար է կազմում: Այսինքն` մոտ այդքան գումար է անհրաժեշտ մեր ժողովրդին ու պետությանը գոնե այսպես գոյատևելու համար:
Հանքարդյունաբերության խոշոր մասնագետ, երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրաչիկ Ավագյանը վերջին տարիներին խորը ուսումնասիրություններ է կատարել և իր վերջին` 150 էջանոց աշխատության մեջ ցնցող եզրակացությունների է հանգել: Կարդում ես աշխատությունը և հասկանում, թե ինչու են մեր փողատերերը իրար ձեռքից խլում հանքերը, իսկ պետությունը «էշի ականջում քնած է»:
Այս աշխատությունը ոչ ոք չի համարձակվել տպագրել, իսկ Հ. Ավագյանը, ցավոք, երկու ամիս առաջ մահացել է:
Մենք միայն կես էջ կներկայացնենք այդ մեծ ու արժեքավոր աշխատությունից. «Ամփոփելով պատկերված աղյուսակի տվյալները` գալիս ենք այն եզրակացմանը, որ Հայաստանի Հանրապետության շահագործվող և շահագործման պատրաստվող հանքավայրերի բարբարոսաբար շահագործման հետևանքով տարեկան ունենում ենք (կունենանք) ավելի քան 31 մլրդ դոլարի կորուստ և դա էլ այն պարագայում, երբ հաշվի չեն առնվում հիմնական օգտակար տարրերի (պղնձի, մոլիբդենի, կապարի, ցինկի, ոսկու, արծաթի) թերկորզման հետևանքով տեղի ունեցող կորուստները: Այստեղ մենք հաշվի ենք առնում հիմնական տարրերի հետ հարակից տարածված հազվագյուտ տարրերի, հազվագյուտ հողատարրերի, ինչպես նաև ոչ հազվագյուտ` ծծմբի, երկաթի, կապարի, ցինկի, պղնձի կորուստները, որոնք կորզվում են խտանյութերի մեջ, բայց խտանյութերի վաճառքի ժամանակ չեն գնահատվում և դրանց արժեքները չեն փոխհատուցվում, այսինքն` նվիրվում են օտար գնորդներին»:
Իր աշխատության վերջում պրոֆեսորը ՀՀ կառավարությանն առաջարկում է մետալուրգիական գործարաններ կառուցել, և ընդերքի արդյունքը կիսատ-պռատ արտերկիր հանելու փոխարեն, այդ հարստությունը մշակել տեղում և միլիարդավոր դոլարներով լցնել մեր բյուջեն:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում