Մարտի 1-ից Տավուշի մարզային «Տավուշ» հեռուստաընկերությունը եթեր դուրս չի գալիս: Այդ հեռուստաընկերությունը մարզային կարելի էր կոչել պայմանական կերպով, քանի որ դրա հաղորդումները չէին սփռվում մարզի Բերդի տարածաշրջանում, Իջեւանի, Դիլիջանի եւ Նոյեմբերյանի տարածաշրջանների գյուղերի մեծ մասում: 2011թ.-ին Նոյեմբերյանի «Քամուտ» հեռուստաընկերության հենքի վրա ստեղծված «Տավուշ» հեռուստաընկերության 40 տոկոսի փայատերը Տավուշի նախկին մարզպետ, այժմ քաղաքաշինության փոխնախարար Արմեն Ղուլարյանն էր, սեփականության իրավունքը գրանցված էր մարզպետի եղբոր կնոջ անունով: Հեռուստաընկերության մյուս 40 տոկոսի սեփականության իրավունքը գրանցված էր «Գրանդ Տոբակո» ընկերության իրավաբան Մանվել Սարգսյանի, իսկ մնացած 20 տոկոսինը` «Քամուտ» հեռուստաընկերության հիմնադիր եւ սեփականատեր Վարդան Անանյանի անունով: Տավուշի մարզային հեռուստաընկերությունն անցած 4 տարում շատ քիչ է լուսաբանել մարզի համայնքների անցուդարձը, սահմանագոտում կատարվող իրադարձությունները:
Այդ հեռուստաընկերության եթերում հիմնականում կենդանիների մասին հաղորդումներ էին, որոնք պատրաստված էին BBC հեռուստաընկերության կողմից: Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձանաժողովը, որը կոչված է վերահսկելու, որ Հայաստանի հեռուստաընկերությունները կատարեն հեռարձակման լիցենզիա ստանալու ժամանակ իրենց ստանձնած պարտավորությունները, այդ հարցում անգործության էր մատնված: Այսինքն՝ «Տավուշ» հեռուստաընկերությունը իր եթերաժամի որոշակի մասը պետք է հատկացներ հայրենական եւ սեփական հաղորդումներին, ինչը անցած 4 տարում չի արվել: Եվ չնայած սրան` «Տավուշ» հեռուստաընկերությանը տրվել է թվային հեռարձակման լիցենզիա, այս տարվա հունիսից այն պետք է անցնի թվային հեռարձակման:
«Ժողովուրդ»-ը «Տավուշ» հեռուստաընկերության տնօրեն Վարդան Անանյանից հետաքրքրվեց, թե այժմ ո՞վ է հեռուստաընկերության սեփականատերը: Նա հայտնեց, որ մոտ մեկ ամիս առաջ փոխվել է հեռուստաընկերության սեփականատերը, այժմ 80 տոկոս բաժնեմասի տերը Վլադիմիր Աղեկյանն է, իսկ ինքը, նախկինի նման, տնօրինում է հեռուստաընկերության 20 տոկոս բաժնեմասը:
Վ. Անանյանին հարցրինք, թե ինչու մարզային հեռուստաընկերությունը եթեր դուրս չի գալիս: Նա ասաց, որ այդ հարցը պետք է տալ ՀԸ-ի նոր սեփականատիրոջը: Մեր ունեցած տեղեկություններով՝ մարզային հեռուստաընկերությունը ներկայումս չի գործում, քանի որ ֆինանսական մեծ պարտավորություններ ունի, այդ թվում՝ աշխատողներին ամիսներով չվճարված աշխատավարձի տեսքով:
Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ» թերթում