▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հեռացող ժողովրդի հայրենիքը

Հիշում եմ մորս' գյուղում: Տան պատի տակ նստած, միայնակ, աչքը' ճամփին: Մի բուռ կին էր, մի քիչ հիվանդ, հորս մահից հետո' մարմրող մոմի լույս: Մենակ էր իր հուշերի, վաղուց մահացած մերձավորների ու մտերիմների ծնած դատարկության, մեր անփութության ու իր անսահման սիրո հետ: «Էկա՞ր, տղա ջան»,– իր աշխարհից դուրս էր գալիս ու մեղավոր ժպտում ինձ, թեև ես էի մեղավորը, ես էի անվերջ հեռացողը և օրերս առանց իրեն ապրելու ինձ դատապարտողը:
Հիմա անսահման տխուր եմ, երբ հիշում եմ, թե ինչպես հերթական անգամ դավաճանում էի իրեն, հեռանում իրենից, գնում երիտասարդական մի աշխարհ, որտեղ ինքը չկար: Գնում էի ու իրեն մոռանում կամ ինձ համոզում, թե մոռացել եմ: Հիշում եմ նրա հայացքը, որ սիրով ասում էր' ե՞րբ ես մեկ էլ գալու: Խեղճ ու կրակ մերս, համով-հոտով մերս, սիրո ծով մերս: Չէի խրատվում, տարին տարվա վրա չէի խելոքանում, խույս էի տալիս ինքս ինձնից ու առավելապես իրենից, չգիտեի, որ քիչ է մնացել նրա երկրային կյանքին, քիչ է մնացել ամենաանկեղծ մարդուն:
Սիրտս լցվում է, բառերը դատարկ, սնապարծ բաներ են թվում: Ինչքա՜ն հույս կար ամեն հանդիպման ժամանակ նրա խաժ աչքերում, որ ես անընդհատ կտրում էի, մինչև կտրվեց նրա կյանքի թելը:
Ների՛ր, մերո ջան: Դու ինձ լավ գիտեիր, ես քեզ չգիտեի, դու ինձ նվիրված էիր, ես' բնավ, դու ինձ սիրում էիր, ես քեզ սիրում եմ հիմա, անսահման: Դու ինձ կարոտում էիր, մշուշոտ հայացքով ինձ քաշում էիր, տուն բերում, հետս զրուցում, գուրգուրում, իսկ ես հեռու էի: Հիմա ես կարոտում եմ քեզ քո կարոտով, քեզ հայացքով քաշում-բերում եմ ինձ մոտ, հետդ զրուցում, տխրում ու փլվում իմ ներսում:

Այսօր տեսնում եմ Հայրենիքից հեռացող իմ ընկերներին, բարեկամներին, երեխաներին ու թոռներին: Հեռանում են, այսօր մեր Հայրենիքը դարձել է հեռացող ժողովրդի հայրենիք: Այսօր ես իմ մայրն եմ' խեղճացած, այսօր ես իմ հայրենիքն եմ, որից հեռանում են, ու ես հարցնում եմ' ե՞րբ եք նորից գալու, ու մեղավոր ժպտում եմ ինձնից հեռացողներին, ներում եմ նրանց ու չեմ ներում ինձ, որ հեռանում են:
Ես կարոտում եմ, մեռնում եմ հուշերի աշխարհում, դատարկվող հայրենիքի երկինքը ավազի նման սորում է ներքև:
Ների՛ր ինձ, մա՛յր իմ:

ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее