Ուսումնասիրելով մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)` 7 քաղաքական կուսակցությունների կողմից ներկայացված ցուցակները, դրանցից մի քանիսում կարելի է հանդիպել բավական ուշագրավ ազգանունների: 168.am-ն է գրում ու նշում, որ իշխող Հանրապետական կուսակցության, ինչպես նաև մի քանի այլ ուժերի ցուցակներում կան հայտնի քաղաքական գործիչների, պատգամավորների, գործարարների որդիների կամ նրանց այս կամ այն ազգականների ազգանունները:
Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Եվ այսպես, ՀՀԿ ցուցակի 34-րդ համարում նշված է՝ Դավիթ Մհերի Սեդրակյան, ով ՀՀԿ անդամ է և ներկայացված է՝ որպես Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ փողոցի բնակիչ: Ինչպես կարելի է կռահել երիտասարդ ՀՀԿ-ականի հայրանունից, նա ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) որդին է:
ՀՀԿ ցուցակի 42-րդ հորիզոնականը զբաղեցնում է Էրեբունու մեկ այլ բնակիչ` Արման Էդուարդի Մադաթյան, ով մեկ այլ հայտնի թաղային հեղինակության` Էդուարդ Մադաթյանի (Խուճուճ Էդո) որդին է և, ի դեպ, այժմ էլ Երևանի գործող ավագանու անդամ է:
ՀՀԿ ցուցակի 55-րդ համար` Աղաբաբյան Արամ Աշոտի («Հրազդան կենտրոնական մարզադահլիճ» ՓԲԸ-ի 1-ին փոխտնօրեն, ՀՀԿ անդամ). ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի (Բուռնաշ) որդին է:
ՀՀԿ 68-րդ համար` Բաբլոյան Արման Արայի («Արաբկիր» բժշկական համալիր «Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» ՍՊԸ-ի տնօրեն, ՀՀԿ անդամ). ՀՀ Առողջապահության նախկին նախարար, «Արաբկիր» բժշկական համալիրի տնօրեն, ՀՀԿ-ական պատգամավոր Արա Բաբլոյանի որդին է:
Ավելացնենք, որ Հանրապետականի ցուցակի 36-րդ համարում գրանցված է ՀՀԿ հիմնադիրներից մեկի` Աշոտ Նավասարդյանի դստեր` Անուշ Աշոտի Նավասարդյանի անունը: Վերջինս նույնպես հանրապետական է և Երևանի Ա.Նավասարդյանի անվան թիվ 196 դպրոցի տնօրենը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
Հետաքրքիր անուններ կան նաև մյուս խոշոր կուսակցության` «Բարգավաճ Հայաստանի» ցուցակում: Բնականաբար, առաջին հերթին հատկանշական է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եղբոր` Վալերի Քոչարյանի դստեր` Իրինա Վալերիի Քոչարյանի առկայությունը ԲՀԿ ցուցակի 43-րդ համարում:
Նշենք, որ ԲՀԿ ցուցակում ընդգրկվել է նաև Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, հայտնի ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը, ով սույն ցուցակում բավական բարձր դիրք է զբաղեցնում` 7-րդ համարը: Նրան, իհարկե, կարելի է ներկայացնել՝ որպես արդեն հայտնի անձնավորություն, այլ ոչ թե պարզապես օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի որդին, սակայն, միևնույն է, այնքան էլ պարզ չէ, թե ինչո՞վ է զբաղվելու հայտնի ըմբշամարտիկը Երևանի քաղաքապետարանում:
«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն
Ուշագրավ անուններ կան նաև ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ցուցակում:
5-րդ համար` Տեր-Պետրոսյան Տիգրան Պետրոսի. ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբորորդին է:
6-րդ համար` Եղիազարյան Համբարձում Գուրգենի: Վերջինս էլ նախկին ՀԱԿ դաշինքի անդամ, Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության վարչության անդամ, Ազգային անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանի որդին է:
26-րդ համար` Թամազյան Հարություն Սարգսի` ՀՀՇ նախկին վարչության անդամ, Հայանտառի նախկին տնօրեն Սարգիս Թամազյանի որդին:
Արդարացի լինելու համար պետք է նշել, որ ՀԱԿ-ի ցուցակում ընդգրկված վերոհիշյալ թեկնածուները Կոնգրեսի ակտիվ գործիչներից են:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանին կազմված է 65 անդամներից, Երևանի քաղաքապետն ընտրվում է ընտրությունների արդյունքում մեծամասնություն ստացած կուսակցության կողմից, իսկ ավագանու մեջ ընդգրկվում են 7 տոկոս ընտրական շեմը հաղթահարած քաղաքական ուժերը: