ՀՀ Նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի առողջական վիճակը վատացել է: Հայրիկյանի շտաբի համակարգող Մանյա Այվազյանի խոսքով՝ Պ. Հայրիկյանին բժիշկներն արգելել են երկու օր հիվանդանոցից դուրս գալը, և նախագահի թեկնածուն բոլոր հանդիպումները հետաձգել է: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆո»-ն:
Իսկ թե արդյոք առողջական վիճակի վատթարացումը կազդի ընտրությունները հետաձգելու համար ՍԴ չդիմելու Հայրիկյանի որոշման վրա, Հայրիկյանի շտաբի համակարգողն ասաց, որ այս պահին դեռ հստակ որոշում չունեն, բայց ոչինչ չի բացառվում:
Չնայած այն հանգամանքին, որ նախագահի թեկնածուն նախորդ օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ինքն արդեն լավ է իրեն զգում և գործի մեջ է, սակայն այսօր առողջական վիճակի վատացման պատճառով, Մանյա Այվազյանը նշում է, որ քարոզարշավը կազմակերպվում է առանց Հայրիկյանի մասնակցության:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին` ուշ երեկոյան իր տան մուտքի մոտ կրակել էին ՀՀ Նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի վրա: Վերջինս մարմնական վնասվածքով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: