«168 ժամ»-ը զրուցել է դերասան Մկոյի` Մկրտիչ Արզումանյանի հետ: Զրույցից մի հատված` ստորև.
- Մկո, երկար տարիներ է` եթերում եք: Այս տարիներին բազմաթիվ հաղորդումներ ստեղծվեցին, բայց Ձեր ծրագրերը միշտ իրենց ուրույն տեղն ունեցան: Գաղտնիքը ո՞րն է:
- Դա առաջին հերթին կապված է մեր աշխատասիրության հետ: Բացի այդ մեզ համար կարևոր է ինչ-որ նախագիծ սկսելուց առաջ այն լավ ուսումնասիրել, վերլուծել և համոզված լինել, որ մեր ուժերը բավարար կլինեն այն իրականացնելու համար: Պետք է կարողանաս որակը պահել, ընդ որում ոչ թե նույն գծի վրա, այլ ամեն անգամ ավելի բարձրանալ, գլոբալ փոփոխություններ անել, որպեսզի հեռուստադիտողի համար նորություն լինի:
- Ո՞ր տարիքային խմբի մարդիկ են Ձեր լսարանը կազմում:
- «Կարգին հաղորդման» դեպքում լսարանը շատ մեծ էր: Մեզ դիտում էին շատ փոքր տարիքից սկսած մինչև բավականին մեծ տարիքի մարդիկ: 2003 թվականին չկային նմանատիպ այլ նախագծեր, որոնք այդքան մեծ լսարան ունենային: Անեկդոտից ուժեղ բան չես կարող մտածել, այն ունի իր սկիզբը, ընթացքը և ուժեղ ավարտը, պարզապես այն պետք է ճիշտ մատուցել` թե՛ նկարահանման առումով, թե երաժշտական ակցենտներով, և այլն:
Սերիալի ֆորմատն էլ էր շատ հետաքրքիր: Մենք երկար ժամանակ ուսումնասիրում էինք ֆորմատի նրբությունները: Փորձը ցույց տվեց, որ այն ևս շատ հետաքրքիր նախագիծ է: Բնականաբար, սիրում ենք այն ամենը, ինչ անում ենք, կարծես` դառնում է մեր երեխան: Դու նրան պետք է անընդհատ պահես, մեծացնես, փայփայես, ճիշտ գծերի վրա դնես: «Աձիկի» կերպարն ինձ համար ամենասիրելի կերպարներից է: Նրան շատ բարդ է խաղալը, և ես դրանից հաճույք եմ ստանում:
- «Կարգին հաղորդումը» կարծես ավելի հեշտ մարսելի է, քան «Կարգին սերիալը»:
- Հեշտ մարսելի է այն առումով, որ եթե անեկդոտի սկիզբը չտեսնես, կեսից նայես, ապա կհասկանաս խոսքն ինչի մասին է: Սերիալի կառուցվածքն այնպիսին է, որ հնարավոր է սկզբում ինչ-որ գործողություն կատարվի, որը սերիալի վերջում է «աշխատելու», և դու այն չտեսնելով` չհասկանաս, թե ինչի մասին է խոսքը:
- «Կարգին հաղորդման» նկարահանումները ե՞րբ կվերսկսվեն
-Ճիշտն ասած, մոտ ապագայում ցանկանում ենք մշակումները սկսել: Երկար տարիներ եթեր հեռարձակցվելուց հետո պետք է նոր շնչով եթե մտնենք: Պետք է շատ ուժեղ պատրաստվենք: Չեմ կարող ասել, թե երբ կլինի, բայց եթե ամեն ինչ լավ լինի, ապա մյուս տարվա աշնանը եթեր կմտնի, իսկ եթե հեռուստաեթեր շատ մուտք գործելը որակի վրա ազդի, ապա կմտնենք այն ժամանակ, երբ որակապես լավ պատրաստ կլինենք