Անցյալ տարվանից սկսած համացանցում տեսահոլովակ է տարածվում է, որը կոչվում է «Կադիրովը հայերի մասին»: Հոլովակում Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն իր հանրապետության կառավարության նիստի ժամանակ վրդովված պատմում է, թե ինչպես է փրկել ազգությամբ չեչեն երգչուհի Հեդա Համզատովային հայի հետ ամուսնությունից:
Տեսանյութում Կադիրովը խոսում է չեչեներեն. տեքստը թարգամանաբար ներկայացրել է Epress.am-ը:
Չեչնիայի առաջնորդի խոսքով՝ Համզատովային խոստացել են ապահովել նրա մասնակցությունը «Եվրատեսիլ» երգի մրցույթին և Երևան են տարել, որտեղ նա պետք է ամուսնանար: Կադիրովը նշում է, որ «տաղանդավոր երգչուհու վրա մեծ փողեր է ծախսել»:
«…Հեդա Համզատովան, երբ նրան մի հայ խոստացավ «Եվրատեսիլ» տանել, գնաց Հայաստան, որպեսզի նրա հետ ամուսնանա: Մենք նրա հետևից գնացինք՝ համարելով, որ եթե չեչեն աղջիկը, վաստակավոր արտիստն ամուսնանա հայի հետ, մեզ համար դա խայտառակություն է… Հորը, մորը վերցրեցինք, գնացինք, ես նրան տուն բերեցի՝ պայմանավորվելով նրանց նախագահի հետ…», - ասում է Կադիրովը:
Նշենք, որ Հեդա Համզատովայի մասին հայ հանդիսատեսն իմացել է Մոսկվայում կայացած համերգից հետո, երբ նա հայերեն լեզվով երգել է «Հայ քաջեր» երգը: Դահլիճը, այդ թվում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանը, կատարումը մեծ ոգևորությամբ են ընդունել: