▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում գործարկվեց ֆրանս-հայկական առաջին ագրովոլտային կայանը․ այն առաջինն է նաև տարածաշրջանում

Ֆրանս-հայկական ագրիվոլտաիկ էլեկտրակայանի բացման պաշտոնական արարողություն՝ «Սան Վայն» ՍՊԸ-ում

Հուլիսի 31-ին, Արագածոտնի մարզի Աղձք համայնքում պաշտոնապես բացվեց Հայաստանի առաջին ագրիվոլտաիկ էլեկտրակայանը խաղողի այգում՝ SUNWINE նախագիծը, որը կարևոր քայլ է Հայաստանի գյուղատնտեսության, վերականգնվող էներգետիկայի և կլիմայական փոփոխություններին դիմակայող զարգացման ուղղությամբ։

120 կՎտ հզորությամբ ագրիվոլտաիկ կայանը համատեղ մշակվել է ֆրանսիական NALDEO ընկերության և հայկական SUNWINE ընկերության կողմից՝ FASEP ծրագրի (Ֆրանսիայի Հանրապետության Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության մասնավոր հատվածի աջակցության հիմնադրամ) ֆինանսական աջակցությամբ։

Նախագիծը Հայաստանում իրականացվել է EcoVille Solar ընկերության կողմից։

Բացման պաշտոնական արարողությանը մասնակցեցին Հայաստանի Հանրապետության պետական կառույցների ներկայացուցիչներ, Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, միջազգային գործընկերներ, գյուղատնտեսության և էներգետիկայի ոլորտի մասնագետներ, ինչպես նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։

SUNWINE-ը ոչ միայն Հայաստանում, այլև Հարավային Կովկասում խաղողի այգիներում իրականացված առաջին ագրիվոլտաիկ նախագծերից է, որը մեկ տարածքում համատեղում է բարձրարժեք խաղողագործությունն ու վերականգնվող էներգիայի արտադրությունը՝ ստեղծելով գյուղատնտեսության զարգացման նոր և կայուն մոդել։

Նախագիծը միաժամանակ լուծում է մի քանի ռազմավարական խնդիր՝

● աջակցում է գյուղատնտեսության հարմարվողականությանը կլիմայական փոփոխություններին,

● նպաստում է վերականգնվող էներգիայի արտադրությանն ու ածխածնային արտանետումների կրճատմանը,

● խթանում է գյուղական համայնքների տնտեսական զարգացումն ու գինեգործական տուրիզմը։

SUNWINE-ում կիրառվել են հաջորդ սերնդի ագրիվոլտաիկ տեխնոլոգիաներ՝ դինամիկ արևային կառուցվածքներ և Suntropy Energy Management System (EMS) խելացի կառավարման համակարգը, որը հնարավորություն է տալիս իրական ժամանակում կառավարել արևային վահանակների դիրքը, օպտիմալացնել խաղողի այգու միկրոկլիման, բարելավել ջրային ռեսուրսների օգտագործումը և բարձրացնել ինչպես գյուղատնտեսական, այնպես էլ էներգետիկ արդյունավետությունը։

Արևային վահանակները նպաստում են խաղողի վազերի պաշտպանությանը բարձր ջերմաստիճաններից, կարկուտից և ցրտահարությունից՝ միաժամանակ ապահովելով կայուն էլեկտրաէներգիայի արտադրություն։

SUNWINE-ը հիմնված է հայկական գինեգործության հարուստ ավանդույթների և նորարարական տեխնոլոգիաների համադրության վրա։

Այստեղ մշակվում են հայկական բնիկ խաղողի տեսակներ՝ Արենի, Ոսկեհատ և Կախեթ, իսկ էներգիայի արտադրությունն իրականացվում է 120 կՎտ հզորությամբ արևային համակարգի միջոցով։

Նախագիծը նախատեսված է որպես ցուցադրական հարթակ, որն ունի լայն կիրառման ներուժ Հայաստանի այլ խաղողի այգիներում, պտղատու այգիներում և բարձրարժեք մշակաբույսերի տնտեսություններում՝ նպաստելով երկրի էներգետիկ անկախությանն ու գյուղատնտեսության մրցունակության բարձրացմանը։ Ծրագրի գործընկեր ֆրանսիական NALDEO ընկերությունը միջազգային ճանաչում ունի ագրիվոլտաիկ համակարգերի, վերականգնվող էներգետիկայի, կլիմայական փոփոխություններին հարմարվողականության և թվային լուծումների ոլորտներում։

Հայաստանում նախագիծն իրականացրած EcoVille Solar ընկերությունը 2015 թվականից զարգացնում է վերականգնվող էներգետիկայի ոլորտը՝ ունենալով ավելի քան 11 տարվա փորձ, 350-ից ավելի մասնագետներից բաղկացած թիմ և հազարավոր հաջողությամբ իրականացված նախագծեր Հայաստանում և արտերկրում։

SUNWINE-ը հանդիսանում է ապացույց, որ վերականգնվող էներգիան, նորարար գյուղատնտեսությունը և գինեգործությունը կարող են համատեղ ստեղծել կայուն, մրցունակ և կլիմայական փոփոխություններին դիմակայող զարգացման նոր մոդել Հայաստանի համար։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее