«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում գրեթե բոլոր ապրանքատեսակների գներն օր օրի բարձրանում են: Ասել է թե՝ գնաճային ճնշումն արդեն մի քանի ամիս է՝ չի նահանջում: Իշխանությունն ասում է, թե թանկացումները հիմնականում ԵԱՏՄ մաքսային կանոններով են թելադրված։ Բայց կայուն գնաճի ֆոնին չի բարձրանում մարդկանց ո՛չ աշխատավարձը եւ ո՛չ էլ կենսաթոշակը: Սա դեռ հարցի մի կողմն է։
Պարզվում է՝ Երեւանում առաջին անհրաժեշտության սննդատեսակներն ավելի թանկ են վաճառվում, քան, օրինակ, Ռուսաստանի հարավում գտնվող Կրասնոդարում։ «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց տեղի մեր հայրենակիցներից ճշտել որոշ ապրանքատեսակների գներ. ըստ այդմ՝ մեկ հատիկ հավկիթը ՌԴ Կրասնոդարի շրջանում արժե 70-75 դրամ, իսկ մեզ մոտ այն խանութների մեծ մասում 90 դրամից չի նվազում՝ հասնելով 110-120 դրամի։
Նույն պատկերն է նաեւ թռչնամսի ոլորտում. Կրասնոդարի խանութներում մեկ կգ հավի միսը վաճառվում է 945-1050 դրամով, իսկ Երեւանում այն արժե 1300-1400 դրամ։ 1 լիտր ձեթի գինը Կրասնոդարում կազմում է 1050 դրամ, բայց հայաստանյան խանութներում այն գերազանցում է 1200-1300 դրամը։ Տնտեսագետ Գագիկ Մակարյանի խոսքերով՝ Հայաստանում ապրանքները կարող են ավելի թանկ լինել, որովհետեւ մեր վերամշակումները էներգակիրների առումով թանկ են վարում, քան Ռուսաստանում։
«Մեր ապրանքների մի մասի ներմուծումը պայմանավորված է դրսի գներով, հետո Ռուսաստանն ինքնաբավ պետություն է, Կրասնոդարի գյուղատնտեսությունը հարուստ է։ Հաշվի առեք տրանսպորտային բարձր գները, մանավանդ հիմա, երբ դոլարի փոխարժեքը բարձրացել է, եւ տրանսպորտի գները, միջազգային փոխադրումները նույնպես թանկացել են։
Երբեք ԵԱՏՄ անդամ երկիր լինելը չի նշանակում, որ բոլոր տեղերում գները պետք է նույնը լինեն։ Հետո հարկային քաղաքականությունն է տարբեր, բերում ենք ԵԱՏՄ անդամ երկրներից, ճիշտ է, մաքսատուրք չենք վճարում, բայց ավելացված արժեքի հարկը բարձր է, իսկ Ռուսաստանում դրանք դիֆերենցված են»,- պարզաբանեց մասնագետը։
Իսկ, ահա, մեկ այլ տնտեսագետի՝ Թաթուլ Մանսերյանի կարծիքով՝ ԵԱՏՄ-ն միասնական տնտեսական շուկա է եւ ճգնաժամային, այդ թվում նաեւ պարենային ճգնաժամի երեւույթներ են լինում, ապա անդամ երկրները իրար հետ համագործակցելու եւ բացը լրացնելու որեւէ խնդիր չպետք է ունենան. «Նույն ձեւով Հայաստանը կարող է թռչնամիս արտահանել այն ժամանակ, երբ ավելցուկ կլինի, եւ առաջին հերթին մյուս գործընկերները պետք է սպառեն։
Եթե այսպիսի թռիչք են ապրում գները, եւ վերահսկողական գործառույթ չի իրականացնում պետությունը, ապա պետք է հաշվի առնել՝ գոնե այդ գործարար առումով գրագիտությունը կամ իրազեկվածությունը պետք է բարձր լինի, որ մարդիկ կարողանան օպերատիվ այդ հարցը կարգավորել»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում