Ազգային վիճակագրական ծառայությունն այս ամիս պետք է հրապարակի 2014թ. առաջին կիսամյակում Հայաստանից արտագաղթածների ցուցանիշները: Մինչ այդ, սակայն, բավականին ուշագրավ փաստերի ենք հանդիպում առայժմ միայն օդային ճանապարհով հեռացած քաղաքացիների մասով: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ միայն հունվար-ապրիլ ամիսներին Երեւանի «Զվարթնոց» եւ Գյումրիի «Շիրակ» օդանավակայաններով մեկնածների ու վերադարձածների թվի տարբերությունը կազմում է 41 հազար 109 մարդ, այսինքն` այդքան մարդ մեկնել ու չի վերադարձել: Նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, այս ցուցանիշն առանձնապես չի փոխվել. 2013-ին էլ մեկնել ու չէր վերադարձել 41 հազար 465 հոգի: Այսքանից հետո, թերեւս, դժվար չէ պատկերացնել, թե այս կիսամյակի ընթացքում որքան մարդ է արտագաղթել, մանավանդ որ արտագաղթողները հիմնականում հեռանում են ցամաքային ճանապարհով: Բայց, այնուամենայնիվ, սպասենք պաշտոնական վիճակագրությանը:
Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում