▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի երկրորդ նախագահը երբեմն նաև ճիշտ բաներ էր ասում. «Առավոտ»-ի խմբագրական

«Առավոտ» թերթի խմբագիրն իր առաջնորդողում գրում է.

 

«Հայաստանի երկրորդ նախագահը երբեմն նաև ճիշտ բաներ էր ասում։ Օրինակ՝ մի անգամ իմ հարցին, թե ինչ կասեք գործարարների բողոքների մասին՝ հարկային ճնշումների վերաբերյալ, նա խորհուրդ տվեց թե այդ բողոքները և թե՛ հարկայինների արդարացումները բաժանել ուղիղ երկու կեսերի և երկու տարբեր «աղբյուրների» ճիշտ կեսերը միացնելով՝ ստանալ ճիշտ պատկերը։ Նույն մեթոդաբանությունը հիմա ես առաջարկում եմ կիրառել մի կողմից՝ Վերահսկիր պալատի և պատգամավորների մեղադրանքներին, մյուս կողմից՝ կառավարության արդարացումներին։

 

Նրանք, ովքեր իրադարձությունների մեջ քաղաքական շահագրգռվածություններ ունեն, հակված են ցանկալին իրականի տեղ դնել՝ «իշխանության բուրգը նոր ճաքեր է տալիս», «միջկլանսսյին պայքարը սրվում է» և այլն։ Մի քանի տեղ կարդացել եմ, մասնավորապես, որ այդ ամենի հետևում կանգնած է ԱԺ նախագահը, և նա ինչ-որ դավադրություն կամ հեղաշրջում է պատրաստում։ Այդպես մտածողները կամ միամիտ են, կամ անտեղյակ են, կամ էլ (որը ավելի հավանական է) «մուտիլովկաներով» են զբաղվում։ Հայաստանը, ինչպես և Ռուսաստանը, «ուժային պետականության» երկիր է (ի դեպ, չեմ լսել, որ, ասենք, ԱՄՆ-ում FBI-ի, CIA– ի ղեկավարներին կամ պաշտպանության նախարարին անվանեն «ուժային»)։ Հեղաշրջումները իրականացնում են ուժայինները, ինչպես որ դա եղավ 1991 թվականին Ռուսաստանում (անհաջող) կամ 1998-ին՝ Հայաստանում (հաջող)։ Այ, եթե Սեյրան Օհանյանը, Վլադիմիր Գասպարյանը կամ Գորիկ Հակոբյանը սկսեն քաղաքականությամբ զբաղվել, իմացեք, որ դավադրությունը, հեղաշրջումը հնարավոր են։ Հովիկ Աբրահամյանը ոչ անձնապես, ոչ էլ պաշտոնի բերումով նման բաների ընդունակ չէ։

 

Մնում է հարցերի (թե օՖշորային սկանդալի և թե ՎՊ հաշվետվության) բովանդակային քննարկումը։ Ինքնին դա դրական երևույթ է՝ ո՞վ ասաց, որ խորհրդարանը և կառավարությունը, պատգամավորները և նախարարները պետք է առավոտից մինչև երեկո աղունիկների նման ղունղունեն։ Ցանկալի է, որ այդպես չլինի՝ նրանք պետք է մշտապես իրար հետ վեճի մեջ լինեն, իրար հավասարակշռեն։ Ցանկալի է նաև, որ խորհրդարանական մեծամասնությունը հնարավորություն չունենա միայնակ հաստատելու կառավարության որոշումները, ինչպես որ դա, ցավոք, Հայաստանում է...

 

Ի դեպ, բոլոր երկրներում պատգամավորները պարտավոր են լինել ավելի «պոպուլիստ», քան նախարարները։ Որովհետև պատգամավորները ընտրվում են կամ, համենայնդեպս, պետք է որ ընտրվեն, իսկ նախարարները նշանակվում են։ Իհարկե, ամենաճիշտը կլինի, որ Հայաստանում էլ պատգամավորներն իրականում ընտրվեն»։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`  «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее