▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստանը ռոք-փառատոնների կարիք ունի». ArmRockFest-ի պրոդյուսեր

Երիտասարդական ռոք խմբերի փորձի փոխանակում,  ռոք երաժշտության` որպես համաշխահային մշակույթի բաղկացուցիչ մասի ներկայացում, տարբեր ազգերի ռոք երաժշտության և ռոք մշակույթի ճանաչում` սրանք են   Հայաստանում առաջին անգամ անցկացվող «ArmRockFest» միջազգային երիտասարդական ռոք մրցույթ-փառատոնի հիմնական նպատակները և ոչ միայն:

Մրցույթին մասնակցելու համար, որն անցկացվելու է մայիսի 16-17-ը  Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի շենքում , արդեն շատ խմբեր են դիմել: Այս մասին ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց մրցույթի կազմակերպիչ  Վակա Դավթյանը:  Ըստ նրա` կարևոր է, որ մրցույթը շարունակական լինի և ամենամյա բնույթ կրի:


«Դեռևս մրցույթին մասնակցում են Վրաստանը, Հայաստանը, Պարսկաստանը: Ասացին, որ Թուրքիայից ևս պետք է գան և հարցրին, թե մենք դեմ չե՞նք լինի, ու ես պատասխանեցի, որ երկու 2 ձեռքով կողմ եմ: Սա պետք է լինի լուրջ փառատոն, որի նպատակն է նաև Հայաստանը աշխարհին ներկայացնելը»,- նշեց Վական: 

Իսկ փառատոնի հիմնադիր պրոդյուսեր Արմեն Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Հայաստանում նման մրցույթների կազմակերպումը մեծ դեր ու կարևորություն ունի:  «Քանի որ իմ շփումը երիտասարդ ռոք երաժիշտների հետ ակտիվ է, ես էլ եմ ստեղծագործում այդ ժանրում, տեսնելով այսօրվա իրավիճակը` որոշեցի այդ խմբերին հավաքել ու համերգ կազմակերպել ակումբներից դուրս, քանի որ նրանք հիմնականում ակումբներում են հանդես գալիս: Նրանց Հայաստանում մեծ բեմերից հանդես գալու հնարավորություն շատ քիչ է տրվում: Որոշեցի համերգ կազմակեպել, հետո այդ միտքն ավելի զարգացավ, և համրգը դարձավ փառատոն, փառատոնը` մրցույթ-փառատոն»,- պատմեց հիմնադիր պրոդյուսերը` հավելելով, որ Հայաստանը ռոք-փառատոնների կարիք ունի:

Հարցին, թե ինչու՞ հենց մրցույթ-փառատոն, Արմենը պարզաբանեց, որ  այն խմբերը, որոնք տարբեր ակումբներում իրենց ընկերների համար նվագում են, զարգացման սահմանափակ հնարավորություններ են ունենում, իսկ մրցույթում մեկ բեմից համատեղ հանդես գալը օգնում է համեմատվել, մրցել, զարգանալ: «Մի խմբի հանդիսատեսը տեսնում է մյուս խմբերին, գնահատում են իրար ,արդյունքում` մրցույթից հետո ձևավորվում է ավելի լավ լսարան, այսինքն` և լսարանն է զարգանում, և` խմբերը»,- բացատրեց Արմենը: 

Ըստ նրա` Հայաստանում ռոքը դանդաղ քայլերով զարգանում է: Դրա դանդաղությանը նպաստում են բազմաթիվ խնդիրներ, առաջնայինը` ֆինանսականն է: «Հիմա բնական զարգացման գործընթաց է տեղի ունենում: Փառատոններն էլ զարգացնելու մի  տեսակ են»,- նշեց  փառատոնի պրոդյուսերը:

Նրա տեղեկացմամբ փառատոնին մասնակցում են ինչպես հայտնի, այնպես էլ ոչ հայտնի ռոք երաժիշտներ: «Քանի որ Հայաստանում նման մրցույթ-փառատոնն առաջին անգամն է կազամակերպվում, մասնակիցների համար դա մի կողմից անսովոր է, մյուս կողմից անհավատալի, բայց ակտիվություն նկատվում է»,- ասաց Արմենը:

Վական էլ նշեց, որ փառատոնին շատ են ուզում մասնակցել 14-15 տարեկան պատանիները, սակայն մրցույթը նախատեսված է 18 տարեկան և ավելի բարձր տարիքի մասնակիցների համար:  «Ասում եմ, որ համբերեք, ձեզ համար էլ նման մի բան կկազմակերպենք»,- ասաց Վական:

Նշենք, որ մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել 18-32 տարեկան անձանցից կազմված խմբեր` ողջ աշխարհից:
Մրցույթ-փառատոնի մասնակիցները կարող են ելույթ ունենալ ռոք երաժշտության ցանկացած ժանրում: Իսկ
հայտերն ընդունվում են մարտի 3-ից ապրիլի 15-ն ընկած ժամանակահատվածում: Առաջին և երկրոդ տեղը զբաղեցնողներին սպասվում են գումարային մրցանակներ, իսկ երրորդ տեղը զբաղեցնողը հնարավորություն կստանա ձայնագրվել Հայաստանի լավագույն ձայնագրային ստուդիաներից մեկում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее