Հայաստան եկող ֆինանսական հոսքերը շարունակում են նվազել: Այս տարվա փետրվարի տրանսֆերտների զուտ ներհոսքը, այսինքն՝ Հայաստան եկած եւ գնացած գումարների դրական տարբերությունը կազմել է 27,5 միլիոն դոլար: Սակայն ամենաուշագրավն այն է, որ տրանսֆերտի ընդհանուր ծավալների անկման պայմաններում Հայաստանից գումարների ոչ առեւտրային արտահոսքի չափերը շարունակում են պահպանվել: Ավելին՝ կոնկրետ Ռուսաստանի դեպքում ոչ առեւտրային գումարների փոխանցման ծավալները շարունակում են աճել: Սա նշանակում է, որ Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցներից ավելի շատ մարդիկ են ֆինանսական խնդիրների առաջ կանգնում, եւ նրանց օգնության ձեռք են մեկնում Հայաստանում ապրող նրանց հարազատները: Իսկ այն հանգամանքը, որ Հայաստանի տնտեսությունը լուրջ ճգնաժամում է գտնվում, ոչ ոք չի հերքում, սակայն առավել վտանգավոր է այն փաստը, որ դրանից դուրս գալու ուղիները չեն երեւում, քանի որ ՀՀ իշխանությունները, ինչպես միշտ, զբաղված են Հայաստանի քաղաքացիների ստեղծած եւ օրեցօր պակասող բարիքները իրար մեջ կիսելով:
Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ» թերթում