Աստծո գերեզմանի տաճարում հայ և ղպտի հոգևորականների միջև վեճ է սկսվել «բարեբեր կրակի» մասին ռեպորտաժի նկարահանումների ժամանակ: Այս մասին հայտնում է «Новости Израиля» կայքը։
Սուրբ Զատկի նախաշեմին Աստծո գերեզմանի տաճարում հայկական պատրիարքարանի ներկայացուցիչ Սամուել Աղոյանը իսրայելցի լրագրողին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է տեղի ունենում «բարեբեր կրակի»` երկնքից իջնելու արարողությունը։
Հայր Աղոյանը ռեպորտաժի հեղինակ Իգալ Մոսկոյին անկեղծորեն պատմել է այն մասին, որ պատրիարքները մոմերի խրձերը վառում են կանթեղից, և «բարեբեր կրակի» մեջ ոչ մի առեղծվածային բան չկա։
«Աստված հրաշքներ է գործում, բայց ոչ մարդկանց զվարճացնելու համար»,- ասել է նա։
Աղոյանի անկեղծությունը վրդովել է ղպտիական եկեղեցու ներկայացուցչին։ Նա պահանջել է դադարեցնել նկարահանումը և հայտարարել է, թե հայը ստում է։ Աղոյանն առարկել է, որ ղպտիները, ի տարբերություն հայերի, կրակի վառելու արարողությանը չեն մասնակցում։