▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ հայտնիների անհայտ մականունները

Եթե  յուրաքանչյուրս  ունենք  մեկ, երկու, ծայրահեղ դեպքում երեք անուն` նայած որ երկրում ես  ծնվել, սակայն մականունը  հիմնականում  մեկն  է`  դիպուկ  ու, որպես կանոն, շրջապատի  համար  ծիծաղելի:

Գրում  է esyes.am-ն ու արձանագրում, որ մականունը, ինչպես  ճշմարտությունը, ոչ  միշտ  է  հաճելի, դրա  համար  էլ  բազմաթիվ բարդույթների պատճառ է  դառնում: Եթե  անկեղծ  լինենք, կխոստովանենք, որ յուրաքանչյուրս  էլ  ունեցել  ենք  կամ  ունենք  գոնե մեկ  մականուն: Սակայն հայ հայտնիներից շատերը  esyes.am-ի հետ զրույցում խուսափել են  նշել  անգամ  իրենց դպրոցական  կամ  ընկերական շրջապատում  ունեցած  մականունը, ինչը  նշանակում  է,  որ լավագույն դեպքում կա°մ մոռացել են, կա°մ էլ, որն ավելի հավանական է, դեռ չեն ձերբազատվել  բարդույթներից մականուններին ժպիտով  ու  թեթև վերաբերվելու համար:

Ջուս

-Շատ  մականուններ  եմ  ունեցել: Դպրոցից  սիրել  եմ Մայքլ  Ջեքսոնի  արվեստը, հաճախ նմանակում  էի  նրա երգելաոճը, պարի շարժումները: Դրա համար էլ ինձ շատերը «Ջանեթ Ջեքսոն»  էին  ասում: Գանգուր մազերիս համար  մեր  դասարանի  տղաները  մինչև  ութերորդ  դասարան  ինձ  պուդել  էին  ասում: Դրանից շատ էի նեղանում, բայց ուշադրություն  չէի  դարձնում դրանց վրա: Հիմա տանը երբեմն ինձ Մուսիկ էլ են ասում: Իսկ վերջերս «Կոլիզեյի»  պարուհիների հետ որոշեցինք իրար հին հայկական անուններ դնել` մեկին` Պայծառ, մյուսին` Պերճուհի, իմը Երջանիկ է: Անունս առանց այն էլ  էկզոտիկ  է` Ռուսաստանում  է  ծնվել, ընդհանրապես սիրում  եմ  չվիրավորող  մականուններ:

 

Ռիփի

  

-Դպրոցում  ինձ  Բարբի էին ասում, չեմ  էլ  հիշում` ով  առաջինն ասաց, բայց  երրորդ դասարանից  մինչև  տասներորդը  ինձ  հաճախ այդպես էին դիմում: Ընկերներս էլ ասել են` Ռիպ, Ռիպա:

 

Փոքր  ժամանակ, քանի  որ  թուխ  էի, հաճախ նաև  նեգր  էին ասում: Շատ էի նեղանում, ուզում  էի  սպիտակել, բայց  հիմա  իմ  թխությունն  ինձ  դուր է գալիս: Հիմա հաճախ ասում են` ինչ սիրուն արևայրուք ես ստացել, բայց դա իմ մաշկի գույնն է: Իհարկե, այնքան էլ ճիշտ չէ մականուններով  իրար  դիմելը, բայց  եթե  դա  չի վիրավորում ու սազում  է,  ինչո՞ւ  ոչ:

 

Արչի 

-Իսկական անունս Հրաչյա է, բայց աշխարհում միայն երկու մարդ կա, որ ինձ միշտ Հրաչյա է ասում` մայրս և տատիկս: Դպրոցում  տարբերվելու  համար  իրար  անուններ  էինք  դնում, իմը դժվար  էր  արտասանելու համար, դրա համար էլ տառերը տեղափոխելով Արչի դարձավ: Մոսկվայում սովորելու տարիներին կուրսի  

աղջիկների հետ էլ էի բավականին մոտ, ու նրանք ինձ կատակով «պտենչիկ»  էին ասում: Չեմ կարող ասել, որ անունս սիրում եմ, չեզոք  վերաբերմունք ունեմ, բայց հիմա ինձ ավելի շատ Արչի են ճանաչում, քան Հրաչ, ես էլ արդեն սովորել եմ դրան:

 

 

 

Հասմիկ  Ղարիբյան

-Իմ ընկերները բոլորը գիտեն, որ չեմ սիրում, երբ ինձ Կարգին Հասո են ասում: Հոգնել եմ այդ անունից. մականուններ ընդհանրապես չեմ սիրում: Ինձ համար ցանկացած մականուն ավելի շուտ բացասական նշանակություն ունի: Չեմ թաքցնի, ես էլ եմ շատերին մտքումս մականուններ  կպցնում, բայց  հաճախ բարձրաձայն չեմ արտահայտվում: Կան մարդիկ, ում տեսնելիս շատ կոպիտ մականուններով եմ հիշում, և եթե փորձում են ինձ մականուն կպցնել, աշխատում եմ դնողին պարտք չմնալ և մի բան էլ ավելին փոխհատուցել:

 

Դավո

- Գիրությանս համար ինձ դպրոցում բուլկի էին ասում: Կարծեմ, յոթ տարեկանում դա հորինել էր իմ դասարանցի Գոռը: Հետո ուրիշ դպրոց տեղափոխվեցի ու մականունս մոռացվեց: Հիմա մականուն  չունեմ, բայց ընկերներիս, ծանոթներիս շրջանում շատերը կան, որ ունեն: Ես շատ լուրջ չեմ վերաբերվում մականուններին, երբեք դրանց պատճառով չեմ վիճել որևէ մեկի հետ: Կուզեի, որ ընդհանրապես ավելի հանգիստ վերաբերվեին մականվանը և չվախենային, որ հանկարծ մեկը կիմանա դրա մասին:

 

Էրիկ Կարապետյան

-Դպրոցում, հարևանները, ընկերներս ինձ Էրոս էին ասում: Այդ ժամանակ Էրոս Ռամազոտտին արդեն հայտնի էր, ու ինձ էլ հենց նրա անունով էին կոչում: Բայց ածական չեմ ունեցել, միշտ Էրիկ են ասել: Ածականներ ընդհանրապես չեմ սիրում, դրանք ավելի շատ շներին են հարմար, քան մարդկանց: Եթե մարդն ունի անուն, դա հենց այնպես չէ, պետք է այդպես էլ նրան դիմել:

 

Անահիտ Շահբազյան

- Հատուկ մականուն չունեմ, պարզապես երգչուհի Անահիտ Սիմոնյանից տարբերելու համար ինձ հաճախ Շահբազ են ասում: Մականուններ այնքան էլ չեմ սիրում, սակայն դրանց դեմ չեմ, եթե վիրավորական չեն: Ընկերներիս երբեմն դիմում եմ անվան կրճատ ձևով, օրինակ, Լանային` Լանուշ և այլն, բայց դա անում եմ պարզապես պաշտոնական չդիմելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее