▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հատուկ ջոկատայինների իրականացրած ռեյդը վրդովվեցրել է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս հայտնել էինք արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած արտառոց միջադեպի մասին։ Ահազանգ ստանալով դատապարտյալներից, որ բերդում կազմակերպված է թմրանյութերի շրջանառություն, ԱԱԾ հատուկ ջոկատայինների ահռելի մի խումբ անսպասելի մուտք էր գործել բերդ, ավտոմատները ձեռքներին, առանց արդարադատության  նախարարության ղեկավարությանը տեղյակ պահելու, անցել էին բոլոր խցերով եւ աշխատակիցների աշխատասենյակներով, գետնին պառկեցրել անձնակազմին ու կալանավորներին։

Այնուհետեւ, գիշերով այցելել էին նաեւ բերդի ղեկավար աշխատողների տները եւ այստեղ նույնպես խուզարկություններ իրականացրել, սակայն ընդամենը 1 փամփուշտ էին գտել, բայց ռեյդը վրդովվեցրել էր արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին, եւ ռեյդն իրականացրած կառույցների հետ հարաբերությունները լարվել էին։ Պաշտոնական պարզաբանման համար գրավոր դիմել էինք պետական մարմիններին՝ Քրեակատարողական ծառայություն եւ ԱԱԾ։

ԱԱԾ-ից պատասխանել են․ «Ձեր  կողմից նշված քրեակատարողական հիմնարկում  համապատասխան գործողությունները կատարվել են ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնված վարույթի շրջանակներում, ուստի Ազգային անվտանգության ծառայության կողմից տեղեկություններ չեն կարող տրամադրվել»։ Եզրակացնում ենք, որ Քննչական կոմիտեն այս գործով վարույթ է քննում։ Մոտավորապես նույն պատասխանը ստացանք նաեւ ՔԿԾ-ից։ Մեր տեղեկություններով, հատուկ ջոկատայինները ոչինչ չեն գտել ո՛չ բերդի աշխատակիցների տներում եւ աշխատասենյակներում, ո՛չ էլ դատապարտյալների խցերում։ Տապալված օպերացիայի արդյունքում տուժել է միայն տվյալներ հաղորդող դատապարտյալը, որին սուտ մատնության մեղադրանք են առաջադրել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее