-ԱՄՆ-ում հայ մնալու , հայի տեսակը պահպանելու համար որքա՞ն է ծնողների դերակատարությունը:
-Ոչ միայն ԱՄՆ-ում , այլև ցանկացած օտար երկրում հայ մնալու համար անչափ կարևոր է ծնողի դերը, մանավանդ եթե երեխան գտնվում է անչափահաս տարիքում : Օտար միջավայրում , այլազգիների ներկայությունը և վատ շրջապատը արագ կարող են ազդել երեխայի վրա ու ծնողը չնկատի, թե ինչպես է փոխվում իր երեխայի վարքագիծը: Իհարկե անհրաժեշտ է նաև ազատ թողնել , որ ձևավորվի աշխարհայացքը , բայց միաժամանակ պիտի լինի ծնող- երեխա վստահությունը , այդ դեպքում երեխան միանգամից որոշումներ չի կայացնի , որը վատ հետևանքներ կունենա:
-Ծնողների խորհուրդ , որին միշտ հետևում եք:
-Գրեթե մշտապես հետևում եմ ծնողներիս խորհուրդներին: Ես միշտ ասել եմ , որ եթե ես որպես անհատ կայացել եմ այդ իմ ծնողների դաստիարակության արդյունքն է: Նրանք ամեն առիթով չեն դադարել ասել , որ համեստությունը , ազնվությունը հարգանքը մարդու հանդեպ ամենակարևոր հատկանիշներն են կյանքում և հետևում էին , որպեսզի ես ու եղբայրներս ապրեինք այդ սկզբունքներով:
-Արարքներ , որ երբեք չեք անի , որովհետև մանկուց ձեզ այդպես են սովորեցրել:
-Շատ ու շատ արարքներ կան , որ չեմ արել ու չեմ անի:Ցանկացած քայլ անելուց առաջ պետք է մտածես հարազատներիդ մասին ու ապրես այնպես , որ ծնողներիդ պատիվը բարձր պահես , իսկ օտարության մեջ դա ավելի պարտավորեցնող է դարձնում , որպեսզի չշեղվես ու հայ մնաս տեսակով , էությամբ:
-Սովորություններ , որ ձեր ծնողներից եք ժառանգել:
-Երևի ընկերասիրությունը , 10 տարեկան եմ եղել , որ տեղափոխվել ենք ԱՄՆ-ը , մեծացել եմ այնպիսի միջավայրում որտեղ կա տարբեր մշակույթ , տարբեր սովորույթներ ունեցող ազգեր , ծնողներս մեզ խիստ պարտադրում էին, որպեսզի տանը խոսենք հայերեն ու անում էին ամեն ինչ, որ մեր մեջ պահպանվի հայ լինելու գիտակցությունը:
-Ձեր ընտանիքում ի՞նչ ավանդույթներ կպահպանեք , որոնք կան հայրական տանը:
-Իհարկե կան ավանդույթներ ՝ գրեթե բոլոր տոներին ՝ Սուրբ Զատիկին , տարեդարձներին մենք ՝ ընտանիքի բոլոր անդամները պիտի իրար կողքի լինենք, անկախ այն հանգամանքից, թե ինչքան կարևոր գործեր կլինեն թողնում ենք ու միասին նշում տվյալ առիթը , բնականաբար իմ ընտանիքում կպահպանվի դա: Մայրս միշտ ասում է, որ ընտանիքի կողքին պետք է լինեն նաև այն մարդիկ , ովքեր ձեզ բարին են կամենում ու երբեք մարդկային ջերմ վերաբերմունքը չփոխեք ոչ մի նյութական արժեքների հետ:
-ԱՄՆ-ում ապրող հայ երիտասարդը ինչպիսի՞ն պետք է կարողանա լինել ծնողների օրհնանքին արժանանալու համար:
-Իր ապրած կյանքով , իր վերաբերմունքով դեպի մարդիկ: Մեզանից յուրաքնչյուրը անցնում է այն ճանապարհը , որով վաղուց անցել են նրանք , ու կա մի բան՝ իր զավակին բոլորից լավ ծնողն է ճանաչում: Թող բոլոր երկրներում հայ ծնողը ուրախանալու ,հպարտանալու առիթներ շատ ունենա , օրհնանքներն էլ լինեն մարդկային արժեքները պահպանելու համար:
Հեղինակ` Լ. Արշակյան