«ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կինը նախորդ տարի 9 մլն դրամով հասարակական նշանակության շինություն է գնել: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքից: Ժաննա Աղաբաբյանի անունով են գրանցված Սահակյան ընտանիքի բիզնեսները:
Անձամբ ինքը՝ Գալուստ Գրիգորիչը, շատ համեստ հայտարարագիր է պահում: Եղել են տարիներ, որ Ժաննա Աղաբաբյանի դրամական միջոցները աճել են միանգամից մի քանի տասնյակ մլն դրամով: Նախորդ տարի նրա դրամական միջոցներն աճել են մոտ 25 մլն դրամով՝ 75,7 մլն-ից հասնելով 100,6 մլն-ի: Տիկնոջ տարեկան աշխատավարձը կազմում է 1,7 մլն դրամ, կենսաթոշակը՝ 499 հազար դրամ, ինչպես նաեւ շահաբաժնից եկամուտ է ստացել՝ 33,8 մլն դրամի չափով:
ԱԺ նախագահը, ի տարբերություն կնոջ, ավելի համեստ կյանք է նախընտրում: Նա ապրում է աշխատավարձի եւ թոշակի հույսին: Նախորդ տարի Սահակյանն ունեցել է 7,2 մլն դրամի չափով եկամուտ, որից 6,9 միլիորնը աշխատավարձն է, 357 հազար դրամը՝ թոշակը:
Հիշեցնենք, որ Գալուստ Գրիգորիչը ազգակցական կապի մեջ է պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի (Բուռնաշի) հետ, նրա փեսան է՝ քրոջ ամուսինը: Սահակյանի երկու որդիները նույնպես բարձր պաշտոն են զբաղեցնում. Արման Սահակյանը Պետական գույքի կառավարման վարչության պետն է, Տիգրան Սահակյանը՝ առողջապահության նախարարի տեղակալը»:
Ուշագրավ այլ նյութեր` «Հայկական ժամանակ» թերթում