«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Տավուշի մարզի «Իջեւանատուն» համալիրում տեղի ունեցած կրակոցների եւ դրան հաջորդող աղմկալի դեպքերը սկսվել են համալիրի մատուցողուհու մեկ խոսքից:
Հիշեցնենք, որ 2014թ. ապրիլի 2-ին «Իջեւանատուն» համալիրի բակում կրակոցներ էին հնչել: Կրակոցների կենտրոնում էին հայտնվել համալիրի սեփականատեր Անդրանիկ Խոջումյանը եւ Աշոտ Այդինյանը: Այս գործով սկզբում տուժողի կարգավիճակում էր հայտնվել համալիրի սեփականատերը, սակայն ավելի ուշ վերջինս հայտնվեց մեղադրյալի աթոռին եւ իր հետ դատարան «քարշ» տվեց նաեւ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջեւանի բաժնի պետ Անդրանիկ Ազիբեկյանին եւ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Տավուշի մարզի քննչական բաժնի պետի տեղակալ Արտակ Ավետիսյանին:
Որտեղից սկսվեց այս պատմությունը: 2014թ. ապրիլի 1-ին համալիրում կրակոցներ էին հնչել, դեպքի վայրում նշված օրը քրեական հետախուզության մասնագետները զննություն էին իրականացրել՝ արձանագրելով կատարվածը: Մեզ հասած տեղեկություններով՝ հաջորդ օրը՝ ապրիլի 2-ին, Տավուշի մարզային վարչության Իջեւանի բաժնի պետ Անդրանիկ Ազիբեկյանը եւ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Տավուշի մարզի քննչական բաժնի պետի տեղակալ Արտակ Ավետիսյանը, տեղի ունեցածից անտեղյակ, գնացել էին համալիր՝ հաց ուտելու: Նրանց էր մոտեցել համալիրի մատուցողուհին եւ ասել. «Բա չիմացա՞ք, մեզ մոտ կրակոցներ էին հնչել, մի ահավոր վիճակ էր»:
Անդրանիկ Ազիբեկյանը եւ Արտակ Ավետիսյանը, մտերիմ լինելով համալիրի սեփականատեր Անդրանիկ Խոջումյանի հետ, նրան կանչում եւ խոստանում են օգնել: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ նրանք փոխում են կրակոցների հետեւանքով համալիրի վնասված դարպասները, պատուհանները: Ասել է թե՝ մաքրում են բոլոր հետքերը: Հաջորդ օրն արդեն՝ ապրիլի 3-ին, քրեագետները գալիս են դեպքի վայր եւ տեսնում ամեն ինչ փոխված վիճակում: Քրեագետները սկսում են հետաքննություն, եւ արդյունքում բացահայտվում է այս աղմկալի կրակոցների գործը կոծկելու դեպքը:
Անդրանիկ Խոջումյանը, Անդրանիկ Ազիբեկյանը կալանավորված են, իսկ Արտակ Ավետիսյանը ստորագրությամբ ազատ է արձակվել:
Նյութը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ» թերթում