Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության փոխանցմամբ, այս տարվա մայիսի 5-ին՝ ժամը 16:20-ին, ոստիկանություն ահազանգ է ստացվել մի քաղաքացուհուց, որ իր նախկին ամուսինը Հյուսիսային պողոտայից գողացել է իր երեխային։
Նշել ենք նաև, որ անչափահասին հայտնաբերելու նպատակով ոստիկանության ծառայողները բազմիցս այցելել են անչափահասի հոր եւ նրա հարազատների բնակարաններ, սակայն երեխան չի հայտնաբերվել։
Այսօր, երեխայի մայրը բաց նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ անցել է գրեթե մեկ ամիս, սակայն ինքը չի կարողանում գտնել իր փոքրիկ որդուն:
«Ես, որպես մայր, դիմում եմ խնդրանքով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին, ՀՀ Գլխավոր հարկադիր մարմնի ղեկավարին, որպեսզի ՀՀ օրիենքը ոչ միյան գրված լինի թղթի վրա, այլ ի կատար ածվի: Եվ ՀՀ քաղաքացիները այլևս չառնչվեն այսպիսի ամենաթողության հետ»,-նշել է մայրը:
Միաժամանակ՝ համացանցում հայտնվել են հյուսիսային պողոտայից երեխային առևանգելու կադրերը, որը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը: