▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համացանցն իրար խառնած Անժելան գործարարի աղջիկ է

Օրերս 16-ամյա մի աղջիկ իրար խառնեց համացանցը: Youtube-ում հայտնվեց Անժելա Մկրտչյան անունով դեռահաս աղջկա տեսաձայնագրությունները, ով խորհուրդներ է տալիս իր հասակակիցներին և պատմում իր նախասիրությունների մասին: Նրա` իրեն ատողներին ուղղված տեսանյութը 1 օրում գրանցեց ավել քան 17000 դիտում:

Անժելա Մկրտչյանի մասին այս անգամ գրել է esyes.am կայքն ու նշել, որ  աղջիկն անկեղծորեն նշում է, որ հայտնի դառնալու ցանկություն ունի: Այնուամենայնիվ նա երեկ հեռացրել է ամենադիտված տեսանյութը: Հասկացել է, որ սխալ քայլ էր արել. «Ինձ ատողներին  պետք չէ պատասխան տալ, պետք է այնպես անել, որ նրանք դուրս գան ատողների ցանկից և միգուցե ֆան դառնան:)»: (Անտեղյակների համար նշենք, որ տեսանյութում նա նշում էր, թե ինքն ինչքան բարձր է իրեն ատողներից, որ 16 տարեկանում կարողացել է իրար խառնել ամբողջ համացանցը, իսկ 30-ում՝ գուցե իրար խառնի ամբողջ Հայաստանը):

Դեռահաս աղջնակը  ասել է, որ ինքը ռեալիթի շոուների աստղ դառնալու ցանկություն չունի. «Ես չեմ սիրում ի ցույց դնել իմ անձնական կյանքը, այդ իսկ պատճառով ռեալիթի շոուների աստղ դառնալու ցանկություն չունեմ, սակայն սիրում եմ պատմել իմ հետաքրքրությունների մասին, օգտակար խորհուրդներ տալ»: Պարզվում է` աղջիկը մեծ ցանկություն ունի իր հասակակիցներին սովորեցնել ճիշտ հագուկապի, շպարի և այլ թիթիզությունների կանոնները:) Անժելան սովորում է Երևանի թեթև արդյունաբերական քոլեջի հագուստի մոդելավորման բաժնի երկրորդ կուրսում և երազում է սեփական նորաձևության տունն ունենալու մասին: Նա արդեն ունի իր մտահղացած հագուստների գծագրերը և երազում է դրանք մի օր ներկայացնելու մասին: Իսկ որպես դիմահարդար կրթություն չունի:

Անժելան հետաքրքրվել է նորաձևության արտասահմանյան վիդեոբլոգերով, ուսումնասիրել միջազգային փորձն ու տեսնելով, որ Հայաստանում նմանօրինակ բլոգեր չկան, իր փոխանցմամբ, որոշել է լրացնել այդ բացը: «Անգլերենին լավ եմ տիրապետում ու շատ եմ ուսումնասիրել միջազգային բլոգերների գործունեությունը: Շատ եմ կարդացել դիմահադարման ճիշտ կանոնների մասին: Նկատելով, որ հայ աղջիկները ոչ միշտ են ճիշտ շպարվում և հագնվում, որոշեցի նրանց օգնել»,- ասաց Անժելան ու հավելեց, որ իրեն հիմնականում 14-20 տարեկան աղջիկներն են հետևում: Աղջկա խոսքերով` նրան արդեն ճանաչում են, փողոցում ավելի ուշադիր են նայում, իսկ համացանցում գրում և խորհուրդներ են հարցնում:

Անժելան esyes.am կայքին պատմել է, որ ծնողներն իր բլոգի մասին իմացել են, երբ հեռուստաընկերություններից մեկով անդրադարձել էին նորաթուխ բլոգերին. «Սկբում մտավախություն ունեի ու չէի ասել ծնողներիս, սակայն երբ նրանք տեսան, շատ լավ վերաբերվեցին իմ քայլին: Ասացին, որ կօգնեն ինձ և զարմացան, ինչու՞ ավելի շուտ նրանց չէի ասել այս մասին: Հիմա մայրս հետևում է բլոգիս, իսկ  հայրս չի հասցնում` զբաղվածության պատճառով»: Աղջկա հայրը՝ Կարեն Մկրտչյանը, գործարար է և զբաղվում է բիզնեսով վառելանյութի շուկայում, մայրը՝  Նունե Կրպոյանը, տնային տնտեսուհի է: Այն խոսակցությունները, որ նա հարուստ մարդու աղջիկ է, Անժելայի կարծիքով, չեն համապատասխանում իրականությանը: Նրա փոխանցմամբ՝ ինքն ապահով ընտանիքից է, բայց ոչ հարուստ:

 

Աղջիկն անդրադարձել է  նաև ընկերների ու շրջապատի մյուս անդամների կարծիքին՝ նշելով, որ նրանք իրեն սատարում են, իսկ երբ ցանցաբնակները բացասական մեկնաբանություններ են գրում, պաշտպանում են նրան՝ պատասխան մեկնաբանություններով:

Երիտասարդների նորաթուխ «խորհրդատուն» պատմել է, որ քույր ունի, ով նրանից 1 տարով մեծ է, բնավորությամբ՝ իր հակապատկերն է. «Մենք շատ տարբեր ենք. ծայրահեղությունից ծայրահեղություն: Սակայն երբ սցենարներս գրում եմ, տալիս եմ քույրիկս ստուգում է, ինձ խորհուրդներ է տալիս ու օգնում»:

Անժելան նշել է, որ իր տեքստերն ինքնուրույն է գրում, ինքը նկարահանում է տեսանյութերն, ինքն էլ մոնտաժում, սակայն առաջիկայում դրանք ավելի պրոֆեսինալ նկարահանելու և մոնտաժելու ցանկություն ունի:

Ի դեպ, նա տեսանյութերը նկարահանում է իրենց տանը, հիմնականում՝ իր սենյակում: Ինչ վերաբերվում է նրա անձնական կյանքին, աղջիկը նշել է, որ ընկեր չունի: «Չեմ էլ ուզում ունենալ: Անիմաստ է այս տարիքում գլուխս լցնեմ անիմաստ սիրով»,- եզրափակել է նա:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее