ՀԱԿ հիմնադիր համագումարը մի քանի անգամ հետաձգվեց. սկզբում այն նշանակված էր մարտի 22-ին կառավարության նիստերի դահլիճում, հետո տեղեկություններ տարածվեցին, որ այն կարող է տեղի ունենալ մարտի 29-ին, իսկ դրանից հետո նշանակվեց համագումարի նոր ամսաթիվ` ապրիլի 13-ը: Բայց այս դեպքում, որպես համագումարի անցկացման վայր, նշվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը. այս մասին գրում է 168.am-ը:
Ընդ որում, ոչ մի անգամ պաշտոնական որևէ բանական բացատրություն չի տրվել, թե ինչու է համագումարը հետաձգվում:
Տեսակետ կար, որ հետաձգման պատճառը Երևանի խորհրդի ընտրություններն են. ՀԱԿ-ում ցանկանում են համագումարն անել Երևանի խորհրդի ընտրությունների քարոզարշավի մեկնարկից հետո, որպեսզի համագումարի դահլիճը ներկայացնեն քարոզչական հոլովակներում, ցույց տալու համար, թե կողմնակիցների ինչպիսի հոծ բանակ ունի նորաստեղծ կուսակցությունը: Սա, իհարկե, մոտ է իրականությանը, և հնարավոր է, որ համագումարի հետաձգումը և անցկացումը կատարվում է քարոզարշավի համար: Ամենայն հավանականությամբ, համագումարը կանդրադառնա Երևանի խորհրդի ընտրություններին և դրա կադրերը կտեղադրվեն քարոզչական հոլովակներում:
Բայց դա համագումարի հետաձգման պատճառներից միայն մեկն է: Պարզվում է, որ կան նաև այլ պատճառներ: Նախ` ՀԱԿ-ի առաջին համագումարը որոշել են Կառավարության նիստերի դահլիճից տեղափոխել Մարզահամերգային համալիր` ցույց տալու համար, որ ՀՀՇ-ի և ՀԱԿ-ի միավորման արդյունքում նորաստեղծ կուսակցության կողմնակիցների քանակը կրկնապատկվել, եռապատկվել է: Եթե համագումարը տեղի ունենար կառավարության նիստերի դահլիճում, բոլորի մոտ հարց էր առաջանալու, թե ում էր պետք այդ միավորումը, առանց դրա էլ` ՀՀՇ-ն կարողանում էր այդ դահլիճը լցնել: Իսկ եթե ՀԱԿ-ին հաջողվի լցնել Մարզահամերգային համալիրի դահլիճը, ապա դրանով ի ցույց կդրվի նոր միավորման ուժը:
ՀՀՇ նախկին տարածքային կառույցներին խիստ հրահանգ է իջեցվել կուսակցությունում անդամագրումներ սկսել, որպեսզի նոր անդամները մասնակցեն համագումարին և դահլիճ լցնեն: Ամենայն հավանականությամբ, ՀԱԿ-ում հասկացել են, որ մինչև մարտի 22-ն այդ խնդիրը լուծված չի լինի, և լրացուցիչ ժամանակ է պետք եղել, որպեսզի տարածքային կառույցները կարողանան հասնել պլանային թվին: Մի քանի տարածքային կառույցի ղեկավարներ բողոքել են, որ իրենք չեն կարողանում նոր անդամներ ընդգրկել կուսակցության շարքերը, դա պատճառաբանելով տեղական իշխանությունների կողմից իբրև թե գործադրվող ճնշումներով: Նրանք ասում են նաև, որ ՀԱԿ համակիրների բանակը բավական բազմամարդ է, սակայն նրանք չեն ուզում ինքնաբացահայտվել` իրենց հարվածի տակ չդնելու համար:
Այնպես որ, մեծ է հավանականությունը, որ նույնիսկ հավելյալ ժամանակը չբավարարի այդ խնդիրը լուծելու համար, քանի որ նորագիրների մուտքը ՀԱԿ խիստ սահմանափակ է: Իսկ ամեն հարցով ԲՀԿ-ի աջակցությանը դիմելը այնքան էլ չի տեղավորվում բարեկրթության և դաստաիրակվածության սահմաններում:
Ըստ 168.am-ի` հնարավոր է, որ կա համագումարը հետաձգելու մեկ այլ պատճառ ևս: Խնդիրն այն է, որ ՀԱԿ-ում այդպես էլ չեն կողմնորոշվում ՍԴՀԿ-ի հարցում: Այլ կերպ ասած՝ ՀԱԿ-ում չգիտեն ՍԴՀԿ-ն կմտնի՞ ՀԱԿ-ի մեջ, թե ոչ: Այն ՍԴՀԿ-ն, որը մտնում էր ՀԱԿ դաշինքի մեջ, իրավաբանորեն գոյություն չունի, քանի որ պետռեգիստրում գրանցված ՍԴՀԿ-ի ատենապետը Գևորգ Պերկուպեկյանն է: ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ պետռեգիստրի, վիճարկելով նրա կողմից տրված պետական գրանցման օրինականությունը: Ենթադրվում էր, որ այդ հարցով դատական վերջին նիստը պետք է տեղի ունենար մարտի 14-ին:
Եթե դատարանը մերժեր Լյուդմիլա Սարգսյանի հայցը, ապա նա կդադարեր լինել կուսակցության ղեկավար, կկորցներ դե յուրե ՍԴՀԿ-ն հետ բերելու որևէ հնարավորություն, և մնալով սոսկ անհատ` ստիպված կլիներ դառնալ ՀԱԿ անդամ: Բայց մարտի 14-ին նշանակված դատական նիստը հետաձգվեց մինչև ապրիլի 2-ը, ինչը նշանակում է, որ մինչև ապրիլի 2-ը Լյուդմիլա Սարգսյանը հույս ունի, որ դատարանն անվավեր կճանաչի պետռեգիստրի գրանցումը, ինչը կնշանակի, որ նա ՍԴՀԿ ատենապետն է:
Իսկ պահանջել, որ գրեթե 130-ամյա պատմություն ունեցող կուսակցությունը ինքնալուծարվի և միանա նորաստեղծ կուսակցությանը, այնքան էլ արդարացի չի լինի:
Հնարավոր է, որ Լյուդմիլա Սարգսյանն այն հեղինակությունը չէ, որ հանուն նրա կարգավիճակի հստակեցման` ՀԱԿ-ը հետաձգեր իր համագումարի անցկացումը:
Սակայն հարցը ոչ այնքան Լյուդմիլա Սարգսյանի անձի կարևորությունն է ու ՍԴՀԿ-ի ճակատագիրը, որքան Սարգսյանի՝ ԱԺ պատգամավորի մանդատ ունենալու հանգամանքը: ՀԱԿ խմբակցությունն ունի 7 անդամ: Նրանցից երեքը` Արամ Մանուկյանը, Լևոն Զուրաբյանը, Գագիկ Ջհանգիրյանը, արդեն անդամագրվել են ՀԱԿ կուսակցությանը: Իսկ երեքը` Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանը և Ստեփան Դեմիրճյանը, ոչ մի կերպ չեն կարող անդամակցել ՀԱԿ-ին: Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը նույնիսկ չեն էլ մասնակցում ՀԱԿ խմբակցության նիստերին:
Եթե Լյուդմիլա Սարգսյանը չի անդամակցում ՀԱԿ կուսակցությանը, ստացվում է, որ ՀԱԿ կուսակցությունը ՀԱԿ խմբակցությունում հայտնվում է փոքրամասնության մեջ, և ընդհակառակը, եթե Սարգսյանն անդամակցի ՀԱԿ կուսակցությանը, ապա 7 հոգանոց խմբակցությունում ՀԱԿ-ն ունենում է մեծամասնությունը:
Համագումարի հետաձգումը կարող է այս խնդիրը ևս չլուծել, քանի որ ապրիլի 2-ին նշանակված դատական նիստը կրկին հետաձգվել է և ՍԴՀԿ կարգավիճակի հարցը կհետաձգվի ապրիլի 13-ից հետո:
Ինչպես տեսնում եք` ՀԱԿ համագումարի հետաձգումն իրականում կարող է ծառայել միայն մի նպատակի. Երևանի խորհրդի ընտրությունների քարոզչությանը: Բայց բոլորի համար էլ հասկանալի է, որ մարզերից եկած ՀԱԿ անդամները որևէ կապ չունեն Երևանի ընտրությունների հետ: Այլ խնդիր է, եթե ՀԱԿ-ը համարձակություն ունենա հրապարակային միջոցառում կազմակերպել:
ՀԱԿ-ում սպասում են «Ժառանգության» տապալմանը` հույս ունենալով որ հրապարակը կողջունի իրենց վերադարձը: Սա կարող է տեղի ունենալ, եթե հրապարակում ինչ-որ մեկը մնացած լինի: