tert.am-ը գրում է, որ Al Jazeera-ն հարցազրույց է ներկայացրել շախմատի աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովի հետ՝ նշելով, որ «շատերը նրան համարում են բոլոր ժամանակների մեծագույն շախմատիստը»: Նշվում է նաև, որ հիմա նա դեմ է դուրս եկել «կենդանի ամենաազդեցիկ ու հակասական մարդկանցից մեկին»՝ Վլադիմիր Պուտինին:
Կասպարովն այժմ Աբու Դաբիում է (ԱՄԷ)՝ Պարսից ծոցում շախմատը տարածելու առաքելությամբ, հայտնում է աղբյուրը:
Հարցազրույցում Կասպարովը բացահայտել է, թե որն է եղել իր հաջողության գաղտնիքը: Ըստ նրա՝ ինքը հաջողություն է ունեցել ոչ միայն իր տաղանդի, այլև՝ կարգապահության և ինտուիցիայի շնորհիվ:
Կասպարովը պատմել է նաև, որ դեռ փոքրուց իմացել է՝ շախմատն իր համար ստեղծված խաղ է: Նա խոստովանել է նաև, որ իմացել է՝ ինքը լավն է և իրեն առանձնահատուկ է զգացել:
Հետաքրքրական է, որ Կասպարովը մուսուլմանական Էմիրություններում պատմել է, թե 1990-ին իր ու իր ընտանիքի՝ ծագումով հայերի դեմ ինչ «կեղտոտ ծրագրեր» են իրականացվել Ադրբեջանում, որտեղ հազարավոր հայերի ստիպել են փախստական դառնալ: Նա ասել է, որ հենց այդ ժամանակ է «փախել» Մոսկվա:
«Հոգեբանական տրավման սարսափելի էր: Այդ միտքը մինչ օրս էլ ցավոտ է»,- ասել է Կասպարովը՝ նույն առիթով:
Ներկայացնելով իր կյանքի նաև այլ դրվագներ՝ Կասպարովն ասել է, որ հիմա էլ Ռուսաստանից է հեռացել և այլևս այդ երկիր չի վերադառնալու: