«Երեկ ԱԺ-ում պատգամավորները պետաիրավական հարցերի հաձնաժողովի նախագահ ընտրեցին իշխող ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանին։ Այս հաձնաժողովը բավական ծանրաբեռնված աշխատանքով է զբաղված, ուստի երիտասարդ ՀՀԿ-ականը դժվար թե հասցնի հաձնաժողովը նախագահելուն զուգահեռ զբաղվել նաեւ խմբակցության գործերով. գրում է «Չորրորդ իշխանություն» թերթը:
ՀՀԿ-ական պատգամավորներն արդեն իսկ իրար մեջ փնտրում են խմբակցության հաջորդ քարտուղարին, վերնախավում էլ ասում են, թե հնարավոր է նոր պատգամավորներից մեկը նշանակվի։
Գուցե խոսքը Գագիկ Մելիքյանի մասին է, ով նախորդ գումարման ԱԺ-ում եղել է ՀՀԿ խմբակցության քարտուղարը ու այս հարցում փորձ ունի։ Ինչ վերաբերում է խմբակցության ղեկավարին, ապա ՀՀԿ-ական պատգամավորների հույսն էլի Գալուստ Գրիգորիչն է. ՀՀԿ-ում կադրերի պակասն այնքան մեծ է, որ Գալուստ Սահակյանին երեւի այդպես էլ փոխարինող չգտնվի, ու նա շարունակի ղեկավարել նաեւ խմբակցությունը»:
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում