«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ հերթական անգամ ամոթալի իրավիճակում հայտնվեց։ Աժ նիստի մեկնարկը արձանագրելիս նա մոռացավ հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգել։ Սահակյանը սովորականի պես սկսեց նիստը վարել, ինչը դուր չեկավ պատգամավորներին։ Պաշտոնաթող գեներալ Սեյրան Սարոյանը բղավեց, թե՝ մի րոպե կանգնենք, հարգենք զոհերի հիշատակը, նոր նստենք։ Սահակյանն ասաց. «Իհարկե, մենք առավոտյան արարողություն կատարել ենք, բայց եթե ցանկություն կա, կարող ենք մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը»։ Այնուհետեւ հայտարարվեց լռության եւ հիշատակի րոպե։
Հասկանալի է, որ հոկտեմբերի 27-ի սպանդը Գալուստ Սահակյանի համար պաշտոնական վերելքի յուրօրինակ հնարավորություն բացեց, բայց ամեն դեպքում տգեղ է, երբ խորհրդարանի ղեկավարն իր գործընկերների հիշատակը հարգում է հուշումից հետո միայն։
Եվ, ընդհանրապես, պետական այդ ահաբեկչության զոհերի նկատմամբ հարգանքի տուրք մատուցելու ավանդույթը մեր երկրում տարեցտարի, կարծես թե, փոխվում է։ Այլեւս անգամ ձեւական ժեստեր չեն արվում պետական պաշտոնյաների կողմից։ Սերժ Սարգսյանը, որ նախօրեին ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի դստեր հարսանիքին մասնակցելու ժամանակ գտել էր, ո՛չ սպարապետ Վազգեն Սարգսյանի, ո՛չ էլ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի հիշատակը հարգելու համար Եռաբլուր ու Պանթեոն չայցելեց։ Եռաբլուրում չէր նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որն ուղղակի պարտավոր էր հայոց բանակի հիմնադիր սպարապետի հիշատակը հարգել՝ անձամբ խոնարհվելով նրա շիրիմին։ Եռաբլուրում էր փոխնախարար Դավիթ Տոնոյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում