«Ժառանգություն», Հանրապետական, Դաշնակցություն խմբակցությունների ղեկավարների և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ հրավիրված շտապ խորհրդակցությունն ավարտվել է առանց արդյունքների:
Այս մասին տեղեկացնում է Պանորամա.am կայքը:
Խմբակցությունների ներկայացուցիչների միջև ներկայացված օրակարգային 3 հարցերի շուրջ դեռևս համաձայնություն չի կայացել: ԱԺ նախագահի աշխատասենյակից դուրս եկած պատգամավորները լրագրողներին տեղեկացրել են, որ խորհրդակցությունները դեռ կշարունակվեն' մինչև որևէ համաձայնության գալը:
Պանորամա.am-ը նաև նշում է, որ օրակարգային հարցերի թվում է նաև խորհրդարանական նոր ընտրությունների անցկացումը, ինչին Հանրապետական խմբակցությունը դեմ է տրամադրված: Այդ կապակցությամբ նույնիսկ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասել է. «Նոր ընտրություններ անենք, որ ի՞նչ անենք»:
Ինչ վերաբերում է Բարգավաճ Հայաստան խմբակցությանը, ապա ինչպես ասել է Նաիրա Զոհրաբյանը, իրենք չեն մասնակցում խորհրդակցություններին, սակայն արտահերթ նիստի օրակարգի վերաբերյալ որոշ առաջարկություններ կներկայացնեն: Արտահայտելով անձնական կարծիքը, Զոհրաբյանը նշել է, որ ինքը դեմ է խորհրդարանական նոր ընտրությունների անցկացմանը: