▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«էյր Արմենիա»-ի տնօրենին ծեծելու օրը տուգանել են. «Ժողովուրդ»

«էյր Արմենիա» ՓԲԸ-ի շուրջ կրքերը չեն հանդարտվում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օգոստոսի 17-ին ՀՀ ֆինանսների նախարարությունը «էյր Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Արսեն Ավետիսյանին տուգանել է 45 միլիոն 582 հազար 135 դրամով: Ճիշտ այն օրը, երբ Ավետիսյանը գտնվում էր հիվանդանոցում՝ մեկ այլ պարտքի համար ծեծի ենթարկվելու արդյունքում:

 

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2014 թվականին «Էյր Արմենիա» ՓԲԸ-ն Հայաստան է ներմուծել 34 հազար 941 կգ քաշով 1 հատ օդանավ, որը 2014 թվականի նոյեմբերի 11-ին «Զվարթնոց» մաքսատանը ձեւակերպվել է ժամանակավոր ներմուծում մաքսային ռեժիմով 30-օրյա ժամկետով: Պարզեցինք, որ 30-օրյա ժամկետը լրանալուց հետո ընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանը ներմուծման ժամկետը երկու ագամ երկարաձգել է մինչ 2015 թվականի հուլիսի 31-ը, ու հենց այդտեղից էլ սկսվել է «կինոն»: Հայաստան ժամանակավոր ռեժիմով ներմուծված օդանավը պետք է վերջնական մաքսային ձեւակերպում ստանար, սակայն այդպես էլ չի ստացել: Դա էլ դեռ քիչ է, Հայաստան ներմուծված օդանավն անգամ չի վերաարտահանվել կամ  վերահայտարարագրվել: ՀՀ ֆինանսների նախարարությունն անգամ արձանագրել է, որ օդանավը չի հաձնվել մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը՝ այդ կերպ խախտելով հետադարձ արտահանման պարտավորությունը:

Եվ, ահա, այս բոլորը արձանագրելով՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը «էյր Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Արսեն Ավետիսյանի նկատմամբ մաքսային կանոնները խախտելու համար արձանագրություն է կազմել եւ քննություն նշանակել: «Զվարթնոց» մաքսատան պետ Վ. Թամրազյանը օգոստոսի 10-ին Արսեն Ավետիսյանին  ծանուցագիր է ուղարկել, որպեսզի օգոստոսի 17-ին, ժամը 12-ին ներկայանա իր մոտ՝ ընկերության խախտման մասով քննությանը մասնակցելու համար: Սակայն Արսեն Ավետիսյանը այդպես էլ չի ներկայացել եւ անգամ գրավոր կամ, առհասարակ, բանավոր չի միջնորդել իր ընկերության խախտման գործի քննությունը հետաձգել:

Արդյունքում, ՀՀ ֆինանսների նախարարության «Զվարթնոց» մաքսատան պետ Թամրազյանի գլխավորությամբ քննությունը իրականացրել է Արսեն Ավետիսյանի բացակայությամբ: Պարզեցինք, որ նշված օրը որոշում է կայացվել «Էյր Արմենիա» ավիաընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանին տուգանել 99 միլիոն 164 հազար 270 դրամի 50 տոկոսի չափով, որը կազմում է 45 միլիոն 582 հազար 135 դրամ:

Նկատենք, որ մաքսայինի պետ Թամրազյանը Արսեն Ավետիսյանին մաքսային մարմին քննության է կանչել այն ժամանակ, երբ Արսեն Ավետիսյանը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ պարտքի համար ծագած խոսակցության արդյունքում ծեծի էր ենթարկվել: Նա օգոստոսի 15-ին Ավանում գտնվող ֆուտբոլի ակադեմիայի լողավազանի հարակից սրճարանում ծեծի էր ենթարկվել եւ տեղափոխվել էր «Արամյանց» բժշկական կենտրոն:

Բայց ՀՀ ֆինանսների նախարարության «Զվարթնոց» մաքսատան պետ Թամազյանը, կարծես թե, ուղտի ականջում քնած է եղել եւ աշխարհից ու իրականությունից կտրված կամ էլ միտումնավոր կերպով խախտելով մարդու իրավունքները՝ որոշել է տուգանքի ենթարկել հիվանդանոցում անշարժ պառկած տնօրենին: Այսպիսի անմարդկային վերաբերմունք, թերեւս, միայն մաքսային ծառայության աշխատակիցները կարող են իրենց թույլ տալ, որոնցից շատերի կյանքի գերնպատակը փողն է, շատ փողը:

Արդյո՞ք Արսեն Ավետիսյանը կբողոքարկի այս տուգանքը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արսեն Ավետիսյանի կինը հայտնեց, թե Ավետիսյանը քաղաքում չէ, եւ ինքը նրա փոխարեն տուգանքի մասով որեւէ բան չի կարող ասել:

Հեղինակ՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее