Մեկ անգամ չէ, որ հայ և համաշխարհային օպերային արվեստի զարգացման գործում իր ներդումն ունեցած Հասմիկ Պապյանն ապացուցել է իսկական մտավորականի կոչումին արժանի լինելն ու աչքի է ընկել ոչ միայն քաղաքացիական ու հասարակական բարձր գիտակցությամբ, այլ նաև համեստությամբ:
Հիշենք թեկուզ «Հաց բերող»-ի ճակատագրի նկատմամբ Հասմիկ Պապյանի սրտացավ վերաբերմունքն ու հայաստանյան վերջին զարգացումների վերաբերյալ նրա մտահոգություններն ու սթափեցնող գնահատականները:
Asekose.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով, ապրիլի 12-ին Հասմիկ Պապյանի մասնակցությամբ՝ Պուչինիի «Տոսկա» օպերայի ավարտը Մշակույթի նախարարությունը որոշել էր վերածել նրա մեծարման կարճ երեկոյի և պարգևատրել ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:
Սակայն, Հասմիկ Պապյանը դեմ է արտահայտվել նման սցենարին և շնորհակալություն հայտնելով պարգևի համար, ասել է, որ ներկայացման հաջորդ օրն ինքն անձամբ կներկայանա նախարարություն և կստանա մրցանակը, իսկ ներկայացումից մեկ օր առաջ ուշագրավ գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ հանդիսատեսին խնդրելով ներկայացմանը գալ առանց ծաղիկների, ծաղկեփնջերի ու ծաղկային զամբյուղների. «Շատ կուզենայի, որ այդ գումարը ծախսեինք ավելի նպատակային...»,-գրել էր Հասմիկ Պապյանը:
Նշենք, որ այդպես էլ եղավ, ապրիլի 13-ին Հասմիկ Պապյանն այցելեց Մշակույթի նախարություն, որտեղ, ըստ պաշտոնական հաղորդագրության, հայ և համաշխարհային օպերային արվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի, ինչպես նաև ստեղծագործական գործունեության 30-ամյակի կապակցությամբ` Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, օպերային մեներգչուհի Հասմիկ Պապյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:
Ա.Գրիգորյան