Այս տարվա սկզբին լուր տարածվեց այն մասին, որ ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր Էրնա Հայրիյանը եւ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Արմեն Թումանյանը նշանակվել են Եվրասիական տնտեսական միության դատարանի՝ Հայաստանը ներկայացնող դատավորների պաշտոնում: Նրանք այդ պաշտոններում նշանակվել են Եվրասիական տնտեսական խորհուրդի որոշմամբ: Մինչդեռ ՀՀ օրենսդրությամբ վերը նշված անձինք դեռ շարունակում են մնալ իրենց պաշտոններում: Բանն այն է, որ ՀՀ արդարադատության խորհուրդն այս տարվա առաջին իսկ աշխատանքային օրը` հունվարի 12-ին, նիստ է գումարել եւ որոշել նշված դատավորների պաշտոնանկության հարցով դիմել Սերժ Սարգսյանին, սակայն նրանց պաշտոնանկության համապատասխան հրամանագրերը երեկվա դրությամբ դեռ չէին հրապարակվել:
Այսինքն՝ նշված դատավորներին ԵՏՄ դատավոր նշանակելով՝ փաստացի խախտվել է ՀՀ Սահմանադրության 98-րդ հոդվածը, ըստ որի՝ դատավորներն իրավունք չունեն որեւէ այլ պաշտոն զբաղեցնելու: Անհայտ է նաեւ, թե նշված երկու դատավորների թեկնածությունն ով է առաջարկել: Եթե Սերժ Սարգսյանն է նրանց առաջարկել, ապա հրամանագիր կամ այլ համարժեք իրավական փաստաթուղթ պիտի լիներ: Նախագահականի կայքում երեկվա դրությամբ նման փաստաթուղթ չկար տեղադրված: Եթե տվյալ անձանց անվան դիմաց գրված լիներ, որ նրանք Սերժ Սարգսյանին են ներկայացնում, թերեւս խնդիր չէր առաջանա: Բայց, ուզենք թե չուզենք, նրանք Հայաստանն են ներկայացնում, ուստի ՀՀ քաղաքացին իրավունք ունի իմանալու, թե ով եւ ինչպես է որոշել, որ հենց այդ երկու թեկնածուները պետք է ՀՀ-ի կողմից ԵՏՄ դատարանում դատավոր նշանակվեն:
Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ» թերթում