▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե մենք մտնենք ՄՄ, պետք է հրաժարվենք մեր արտաքին ատևտրային քաղաքականության գործիքից.Վարդան Արամյան/2010թ./

Civilnet.am-ն անդրադարձել է  Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը դեմ արտահայտված պաշտոնյաներին, մասնավորապես վերջերս ֆինանսների փոխնախարար  նշանակված Վարդան Արամյանի `3 տարի առաջ տված հարցազրույցին:

Սեպտեմբերի 5-ին ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը նշանակվեց է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ: Այս նշանակումը ուշագրավ է նրանով, որ Վարդան Արամյանը, ինչպես վարչապետ Տիգրան Սարգսյանը և մի շարք այլ պաշտոնյաներ, դեմ էին Հայաստանի անդամակցությանը Մաքսային միությանը, որին միանալու որոշման մասին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց սեպտեմբերի 3-ին: Ստորև ներկայացված է մի հատված պարոն Արամյանի՝ 2010թ. մարտի 19-ին«Կապիտալ» օրաթերթին տված հարցազրույցից:

Հարց - Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը ստեղծել են Մաքսային միություն: Ի՞նչ կստանա Հայաստանը, եթե անդամակցի այդ միությանը:

Պատասխան -Մաքսային միությունը միայն քաղաքական որոշում չէ: Հարկավոր է, որ երկրները դրանից արդյունք քաղեն՝ անցնելով ինտեգրման անհրաժեշտ սկզբնական փուլեր: Օրինակ՝ Եվրամիությունն անցել է ինտերգրման հինգերորդ փուլին՝ դրամային միությանը: Սովորաբար երկրների միջև ինտեգրման առաջին մակարդակը սկսվում է արտոնյալ առևտրի ռեժիմի սահմանումով, ինչը նշանակում է, որ անդամ երկրները պայմանավորվում են այդ երկրների ռեզիդենտների միջև առևտրի դեպքում որոշ արտոնություններ տրամադրել: Երկրորդ փուլը ազատ առևտրի համաձայնագրերի կնքումն է, ինչը նշանակում է, որ մաքսային վճարներ, տուրքեր չեն կիրառվում անդամ երկրների ռեզիդենտների միջև առևտրի դեպքում: Երրորդ փուլը մաքսային միությունն է, ինչը նշանակում է, որ անդամակցող երկրները միմյանց միջև ունեն ազատ առևտրի ռեժիմ և երրորդ երկրների նկատմամբ միասնական մաքսային քաղաքականություն: Չորրորդ փուլը ընդհանուր շուկայի ստեղծումն է, երբ մաքսային միության ստեղծմանը զուգընթաց անդամ երկրներին թույլատրվում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ միմյանց միջև: Հինգերորդ փուլը` արժույթի միասնական համակարգի ստեղծումն է, երբ անդամ երկրները, ունենալով միանման տնտեսական հիմքեր, պայմանավորվում են իրականացնել միասնական դրամավարկային քաղաքականություն միասնական արտաքին առևտրի քաղաքականության (մաքսային միության) հետ մեկտեղ: Եվ, վերջապես, վեցերրորդ փուլը ամբողջական ինտեգրումն է, երբ անդամ երկրներում միասնական են բոլոր երեք մակրոտնտեսական քաղաքականությունները՝ արտաքին առևտրի, դրամավարկային և ֆիսկալ (հարկաբյուջետային):
Այս ամենը կիրառվում է աստիճանական կարգով՝ կախված այն բանից, թե երկրները միմյանց հետ առևտրում և տնտեսական համագործակցության մեջ որքան են կապված, ինչպես նաև երկրների տնտեսությունները որքան են հարմոնիզացված:

Միասնական մաքսային քաղաքականությունը նշանակում է, որ երկրները հրաժարվում են սեփական մաքսային քաղաքականությունից, սակայն փոխարենը ստանում են ավելի ընդլայնված շուկա: Օրինակ` Ռուսաստանի տնտեսվարողի համար տարբերություն չկա՝ ապրանքը վաճառում է սեփական երկրում, թե Ղազախստանում:
Փորձը ցույց է տալիս, որ երկրները ստեղծում են մաքսային միություն, երբ ունեն ցամաքային կամ ջրային սահմաններ, ինչը հնարավորություն է տալիս ապրանքների ազատ տեղաշարժը՝ առանց լրացուցիչ մաքսային զննության կամ հսկողության: Մեր պարագայում դա չի լինում, քանի որ մենք ընդհանուր սահման չունենք այդ երկրներից ոչ մեկի հետ: Սա մեզ համար լուրջ խոչընդոտ է: Եթե մենք մտնենք Մաքսային միություն, պետք է հրաժարվենք մեր արտաքին ատևտրային քաղաքականության գործիքից , բայց փոխարենը ձեռք չենք բերի ընդհանուր շուկա:

Զրուցել է Արմենակ Չատինյանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее