«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Վարդենիսի տուն-ինտերնատի փոխտնօրեն Արմեն Ավագյանը, որ ՀՀԿ-ական պատգավոր Կարեն Ավագյանի հարազատ եղբայրն է, ասաց, որ չի բացառում՝ կարող է՝ հենց իրեն նշանակեն տուն-ինտերնատի տնօրեն, սակայն, ըստ նրա, այդ մասին խոսելը դեռ շատ վաղ է:
«Ժողովուրդ»-ը գրել էր, որ Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրեն Արտակ Հարությունյանը, որը Նորքի հոգեբուժարանի փոխտնօրենի որդին է, ձերբակալվել է բանակից խուսափողներին աջակցելու կեղծ փաստաթղթեր կազմելու կասկածանքով: Ավելին՝ գրել էինք, որ 2012թ. ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը ջանք ու եռանդ չէր խնայում՝ իր եղբորն այս պաշտոնին նշանակելու համար:
-Պարո՛ն Ավագյան, ըստ մեզ հասած տեղեկություների՝ Ձեր ՀՀԿ-ական եղբայրը դեռեւս 2012թ. ամեն ինչ անում էր՝ Ձեզ տուն-ինտերնատի տնօրեն նշանակելու համար: Ինչպես ցույց են տալիս վերջին աղմկալի դեպքերը, Ձեր եղբոր երազանքը սարերի հետեւում չէ: Առաջարկ ստացե՞լ եք:
-Ես 2011 թվականից աշխատել եմ տուն-ինտերնատում որպես փոխտնօրեն եւ նշեմ, որ տնօրեն նշանակվելու ցանկություն չեմ ունեցել, եւ հետո այդ մասին խոսելն էլ է ավելորդ, քանի որ ես լավ հարաբերությունների մեջ եմ մեր տնօրեն Արտակ Հարությունյանի հետ: Գիտեք՝ իմ ջանքերը ներդնելու եմ, որ այդ մարդը վերադառնա իր աշխատանքին: Չի բացառվում, որ ես նշանակվեմ, բայց այդ մասին շուտ է խոսել, քանի որ չգիտենք՝ ինչ է կատարվելու նրա հետ:
-Ձեր հանրապետական եղբոր ունեցած լծակնե՞րն եք օգտագործելու՝ Արտակ Հարությունյանին օգնելու համար:
-Իմ մարդկային հնարավորություններն եմ օգտագործելու:
-Ձեր եղբայրը երբվանի՞ց է ցանկացել Ձեզ տնօրեն դարձնել:
-Մենք նման խոսակցություն երբեւէ չենք ունեցել, իմ եղբայրը նման ցանկություն էլ չի ունեցել: Եթե նա նման ցանկություն ունենար, ես շուտվանից այդ պաշտոնին նշանակված կլինեի, բայց նա ընդհանրապես նման հարցերի մեջ չի խառնվել:
-Նշեցիք, որ մարդկայնորեն ցանկանում եք օգնել Ձեր տնօրենին: Ինչ եք կարծում՝ նա կարո՞ղ էր բանակից խուսափողներին աջակցել` կեղծ փաստաթղթեր տալով:
-Ես չեմ կարծում, որ ինքը կարող էր նման քայլի գնալ: Այն վերջին պահին, երբ մենք իրարից բաժանվել ենք հիմնարկից, ինքն ասաց, թե նման բան չկա, արխային, ես գնացի, հետ եմ գալու:
-Իրեն աշխատավայրո՞ւմ են ձերբակալել:
-Ո՛չ, մարդիկ էին եկել տուն-ինտերնատ: Չիմացա, թե ովքեր էին այդ մարդիկ, մի քանի ժամ հետո մեր տնօրենը դուրս եկավ: Մենք մտածեցինք, որ ինչ-որ խնդիր կա, ասեցինք՝ ինչով կարող ենք օգնել, պարոն Հարությունյանը պատասխանեց, թե խնդիր չկա, գնում է Երեւան ու հետ կգա, էլ բան-ման չգիտենք:
Նյութը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ» թերթում