▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե Հայկոն անկեղծ լիներ

Երևանի մասին երգեր գրվել են, գրվում են ու դեռ գրվելու են... 

Իհարկե, Երևանի երգը շարունակելու է մնալ Պարույր Սևակի  գեղեցիկ խոսքերով գրված ու  Էդգար  Հովհաննիսյանի խրոխտ  երաժշտությամբ օծված   «Էրեբունի-Երևանը»: 

Ու երբ ամեն անգամ որևէ մեկը փորձում է Երևանին երգ նվիրել, պետք է հասկանա, որ չի խուսափելու համեմատությունից` իհարկե որևէ մեկը չի էլ պատրաստվում նորահայտ երգերը համեմատել Երևանի հիմնի հետ, բայց այն պարտադրում է երգիչներին ու կոմպոզիտորներին  սթափ դատել ու զգուշորեն ստեղծագործել: 

Հիմա Հայկոն է երգ գրել Երևանի մասին ու Ավետ Բարսեղյանի հետ նաև բառերն է հորինել: 

Բայց երկուսն էլ երևի մոռացել են, որ Երևանը բառերով չէ, որ պետք է սիրես, գովերգես ու մեծարես ու հատկապես ՝ կարևոր չէ քո սերն ապացուցելու համար երգիդ մեջ միշտ   «Երևան» ասես ու կրկնես՝ որ սիրում ես, կարոտում ես, չես կարող առանց իրեն ու էլի նման բաներ...

Երևանը անկեղծություն է սիրում  ու Երևանի նվիրված երգերում պետք է ազնիվ, պարզ ու հասարակ լինես ու չխուսափես ճշմարտությունից, դառնությունից ու Երևանի հանդեպ սիրո ու  կարոտի  չափ հենց այդ անկեղծությունը, ճշմատությունը սիրես...

Հայկոյին  ու Ավետ Բարսեղյանին չծանրաբեռնելով մեծերի՝ Պարույր Սևակի ու Էդգար Հովհաննիսյանի ու նրանց ստեղծագործության  մասին հիշեցումներով, իբրև լավագույն օրինակ Երևանի հանդեպ անկեղծության՝ բերեմ Անահիտ Մանուկյանի երգը... 

Հավատացեք, որ այնտեղ ավելի շատ սեր կար Երևանի հանդեպ, քան Հայկոյի երգում ու տեսահոլովակում, որովհետև անկեղծ էր ու այն, ինչի մասին երգում էր Անահիտը, այն ժամանակ բոլորին էր հուզում՝ այդ թվում Երևանին ու երևանցուն ու այդ խնդիրը  հիմա էլ կա, սակայն Հայկոն ու Ավետ Բարսեղյանը չեն տեսնում ու դրա մասին չեն երգում ու գրում, դրա համար էլ, թույլ տվեք ասել, որ անկեղծ չեն ու ես վերապահորեն կմոտենամ այսօր համացանցը ողողած տեսահոկովակին: 

Իսկ դուք վայելեք, ես իմ կարծիքն եմ ասում ՝ անկեղծ...

Ի դեպ, Անահիտ Մանուկյանի տեսահոլովակը, որի սցենարում արծարծված էր Երևանից արտագաղթող ընտանիքի թեման, տարօրինակ կերպով համացանցում չգտա....

Հեղինակ՝ 

Ատոմ Գրիգորյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее