Վերջին օրերին շատերի քննարկման նյութն է դարձել «Շանթ» հեռուստաընկերության «X-Factor» նախագծի ընթացքում մասնակիցներից Շաքե Մովսիսյանի և ժյուրիի անդամ, շոումեն, հաղորդավար Ավետ Բարսեղյանի միջև առաջացած ընդհարումը: Սոցիալական ցանցերը ողողվեցին Ավետ Բարսեղյանի պահվածքը դատապարտող մեկնաբանություններով: Ավետ Բարսեղյանը «X-Factor» նախագծի ժյուրիի մշտական անդամ չէ, այդ օրը նա փոխարինում էր երգիչ Անդրեին:
Հիշեցնենք, որ մրցույթի ընթացքում Շաքեի ելույթը ձեռքի կտրուկ շարժումով ընդհատեց Ավետը` նրա ելույթն իր համար «ձանձրալի» անվանելով: «168 ժամ»-ը զրուցել է Ավետ Բարսեղյանի հետ (հատված):
- Վերջին շրջանում հասարակությունը քեզ մուգ գույներով է բնութագրում…
- Ես իրականում շատ շնորհակալ եմ իմ հասցեին սոցիալական ցանցերում (Ֆեյսբուքում և այլն) այլանդակ բաներ գրողներին, ինձ պախարակողներին և ևս մեկ անգամ ասում եմ, որ սոցիալական կայքերում չկամ, բայց գիտեմ, որ շատ վատ բաներ են գրել: Ուզում եմ, որ գրեն և իրենց միջից հանեն գրամոլությունը: Հեշտ է կայացած մարդու հասցեին, իսկ ես ինձ այդպիսին եմ համարում, էքսպերիմենտներ անել:
Մեղադրում են ինձ, որ ես մարդուն ճնշում եմ: Այդ ամենն անում են իմ դեմ և գովերգում են իրենց արածը: Համենայն դեպս, դեղին մամուլ է ձևավորվում, որն ինձ համար բնավ կարևոր չէ: Չնայած ասեմ, որ առաջին մի քանի օրը մտածում էի, թե ինչո՞ւ չհասկացան այն, ինչ ասվեց և կատարվեց: Այս երեխան, որի շուրջ հավաքվել են շատ բարի մարդիկ, բացարձակ թույլ ու անպաշտպան չէ, ու չեմ կարծում, որ «ձանձրալի» եզրը կարող է կոտրել նրան: Նա բավական ագրեսիվ և առաջ գնացող երեխա է: Հարցը նրանում է, որ մեր հեռուստատեսային դաշտում էլ է ձևավորվում գնահատելու, դատելու կուլտուրան:
Կոնկրետ ես ասում եմ այն, ինչ մտածում եմ և անում եմ դա «փիս ձյաձյայի» կերպարով: Չնայած ասեմ, որ «Սուպերսթարի» ժամանակ ես շատ ավելի խիստ եմ եղել: Չեմ կարծում, որ Շաքեին ձանձրալի ասելն ու հետո նրան կարգի բերելը պետք է այսքան քննարկումների առիթ հանդիսանար: Այս քննարկումներն ուղղակի ինձ համար փոթորիկ են` մի բաժակ ջրում: Ես չեմ կարծում, որ այդ երեխային ես վնասել եմ կամ քար եմ գցել նրա ճանապարհին: Ես միայն ուրախ կլինեմ, եթե գա մի օր, ու Շաքեն դառնա համաշխարհային աստղ: Ես միայն դրանից ինձ լավ կզգամ և կամաչեմ, որ համաշխարհային մեծության այդ աստղի կատարումն ինձ ժամանակին ձանձրալի է թվացել:
- Ժյուրիի 3 անդամներն «այո» ասացին, և դու` քո «ոչ»-ի հետ միասին, մնացիր մենակ, դա քեզ չկաշկանդե՞ց:
- Զարմացա` ճիշտն ասած: Զարմացա, որ կոլեգաներս ասացին` այո: Ասացին նաև, որ մարդկային որակն իրենց համար կարևոր է, բայց, այնուամենայնիվ, «այո» ասացին: Ես վաղուց արդեն հեռուստատեսության ոլորտում ոչնչից չեմ զարմանում: Ինձ զարմացնելը բավական դժվար է: Ես երբեք չեմ վախեցել ինչ-որ բան ասելուց, իմ կարծիքն արտահայտելուց: Վախը երբեք իմը չի եղել: Ես երբեք չեմ ընդունել հանուն հասարակության կամ հանուն ինչ-որ բանի տաշված լինելը:
- «Սուպերսթարն» աշխարհում հայտնի ծրագիր է, որն ունի իր կանոնները: Ըստ քեզ, դուք` ժյուրիի անդամներդ, հետևո՞ւմ եք այդ կանոններին:
- Ես միայն իմ անունից կարող եմ խոսել, որ շոուն ապահովելու համար ես ոչինչ առավել չեմ անում: Ժյուրիի անդամն իրավունք ունի մասնակցի երգն ընդհատել` ստոպ տալ, խոսել, կարծիք արտահայտել: Նույն Միացյալ Նահանգներում ապրում է Սայմոնը, ով բոլորի աչքի գրողն է: Նա հայտնի է իր սուր արտահայտություններով: Ես դեռ շատ հաց ու պանիր պետք է ուտեմ Սայմոնին հասնելու համար: Ես զարմանում եմ անբան և անգործ մարդկանց վրա: Լինել այս չափի անադեկվատ և չհասկանալ այն, ինչ կատարվում է` չեմ հասկանում…
- Մասնակից աղջիկը` Շաքեն, դժգոհել էր, թե նյութը եթեր գնալուց առաջ մոնտաժվել է: Դա այդպե՞ս է:
- Մոնտաժ կար, բնականաբար, բայց հօգուտ իրեն: Եթե չեմ սխալվում, գոյություն ունի նաև չմոնտաժված տարբերակը, որը, եթե եթեր գնար, Շաքեի համար լավ չէր լինի:
- Եզրափակելով զրույցը, եթե Շաքեն, այնուամենայնիվ, մասնակցի նախագծի հաջորդ փուլերին, քո` նրա հանդեպ դիրքորոշումն ինչպիսի՞ն կլինի:
- Իմ առաջ դրված չէ ծրագիրն իր ավարտին հասցնելու պարտականությունը: Ես մեկ օրով ընդամենը փոխարինում էի Անդրեին, բայց եթե անգամ իմ առջև դրված լիներ այդ խնդիրը, բնականաբար, ես նորմալ հարաբերությունների մեջ կլինեի Շաքեի հետ: Ես հո հիմար չե՞մ, որ մարդկանց մի խոսքով կամ մի քոմենթով բնութագրեմ ու այդպես շարունակեմ շփվել մարդկանց հետ: Աղջիկը եկել է, երգել է և վատ էլ չի երգել:
Հեռուստատեսային տարբերակում շատ ավելի լավ էր, և եթե ժամանակն էլ հետ տայի, միևնույն է, էլի ձանձրալի էր լինելու: Անգամ ծրագրից անմիջապես հետո ամեն բան արդեն անցել էր: Նա և իր մայրիկը մոտեցան ինձ, գրկախառնվեցինք, ու ամեն ինչ շատ լավ էր: Զարմանում եմ իսկապես, որ հետո Շաքեն որոշել է, որ պետք է պատերազմ հայտարարի ինձ կամ «Շանթ» հեռուստաընկերությանը: Փաստորեն, իսկապես ագրեսիա կար այդ աղջկա մեջ: