Արդեն տեղեկացրել ենք, որ ընդդեմ Սերժ Սարգսյանի վերարտադրման՝ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած քայլերթին ուղեկցում է «Չալո» անունով շունը, որի մասին ֆեյսբուքյան ուղիղ միացումների ժամանակ հաճախ է խոսում Ելք խմբակցության ղեկավարը:
Ֆեյսբուքում արդեն «Չալո»-ի նկարով «Քայլո» էջ է բացվել՝ հետևյալ գրառմամբ.
«Իմ կյանքը շան կյանք էր: Շան տանջանքով շան օր էի քաշում, բայց շան տեղ դնող չկար:
Ինձ ասում էին «շնից մազ պոկելը քյար ա», բայց ինձ քյարը չէր հետաքրքրում: Ասում էին «շները քեզ ընկեր», բայց իմ ընկերներին կրակում էին փողոցներում: Ասում էին «շան բախտ ունես», բայց բախտս շպրտում աղբանոցներում:
Ու ես հասկացա, որ այսպես ապրել չի կարելի: Հասկացա, որ իսկական բախտը գտնում են ազատության ճանապարհին և արեցի #ԻմՔայլըդեպի Ազատության հրապարակ:
Հիմա ես ունեմ ճանապարհ, երազանք ու ընկերներ: Ես ունեմ ֆեյսբուքյան էջ ու քաղաքացիություն: Եվ ես գալիս եմ գտնելու ձեզ` բոլոր նրանց, ովքեր ազատության ճանապարհին որոշել են քայլ անել` անկախ ոտքերի քանակից:
Ես Քայլոն եմ` Հայաստանի առաջին քաղաքացի շունը»: