Hetq.am-ը հրապարակել է «Վագա-ֆարմ» ընկերության հիմնադիր, նախկինում ԱԺՄ անդամ Վահե Վարսանյանի նամակը, որը ներկայացնում ենք ստորեւ.
«Ընկերոջս՝ Դավիթ Վարդանյանի մահվան 40-րդ օրվա արարողությանը հանդիպեցի Միշա Չալաբյանին՝ Ավետիք Չալաբյանի հորը:
Նա պատմեց, որ իր կրտսեր որդուն՝ Արա Չալաբյանին, որը ԿԲ կորպորատիվ ծառայությունների դեպարտամենտի ղեկավարն է, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ասել է, որ աշխատանքից ազատման դիմում գրի: ԿԲ նախագահն ասել է, որ իրեն այդպես անել ստիպել են կառավարությունից, հակառակ դեպքում՝ ազատման դիմում կգրի ինքը՝ Մարտին Գալստյանը:
Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի հետ վաղեմի մոտ հարաբերությունները, նույն օրն էլ դրա մասին գրեցի նրան՝ ակնկալելով պատասխան: Մամուլում ևս եղել էին այս թեմայով հրապարակումներ, սակայն հերքում չէր եղել:
Նման հարցի գոյությունն արդեն իսկ արժեզրկում էր պատասխանը. Մարտին Գալստյանը հո չէ՞ր խաբի , թե իրեն ստիպել են, որ նման բան փոխանցի Արա Չալաբյանին:
Նիկոլին հարցը գրելիս՝ մարդկային հարաբերություններից մի մեծ պատ փլվեց:
Մինչև չորեքշաբթի որևէ պատասխան չստանալով՝ այսօր զանգահարեցի նրան:
«Նամակը կարդացել եմ: Բեր էդ հարցը չքննարկենք»,-պատասխանեց Փաշինյանը:
«Բա եթե էս հարցը չքննարկենք, ուրիշ ի՞նչ հարց քննարկենք: Սենց չեղավ, դրա համար չէինք 18 թվին իշխանություն փոխում»:
Նա շարունակում էր նույն բանը՝ «Բեր էս հարցը չքննարկենք, բեր էս հարցը չքննարկենք»:
Փաստորեն, չեղած տեղը, Ավետիք Չալաբյանի նկատմամբ անազնիվ ձևով գործ սարքեցին, բավական չէ, հիմա էլ ընկել են եղբոր հետևից:
Կոնկրետ հերթական քաղաքական հետապնդումն է: Անմեղ մարդկանց հետապնդելով՝ մեկին փակելով, մյուսին՝ աշխատանքից ազատելով, Փաշինյանը փորձում է վախի մթնոլորտ ստեղծել. եթե իշխանական քո համակարգն այնպիսին է, որ ցանկացած պահին անմեղ մարդուն կարող ես պատժել, շատերը սկսում են վախենալ և զգուշանալ, որ նույնը կարող է յուրաքանչյուրի հետ պատահել:
Եթե Ավետիք Չալաբյանի վրա գործ են սարքում, ուրեմն եղբայրն էլ իրավունք չունի աշխատել պետական համակարգում՝ անկախ նրանից, որ ոլորտի բարձրակարգ մասնագետ է, իսկ աշխատանքը՝ ապաքաղաքական: Արա Չալաբյանի հետևից է ընկել՝ չպատկերացնելով, որ իր այս քայլով ինքն էլ ապացուցում է, որ Ավետիք Չալաբյանի հանդեպ գործը սարքած է, քաղաքական հետապնդում է:
Բոլոր բնագավառները ձախողելով՝ պետությունը կորցնելու ընթացքի մեջ ենք, իսկ Նիկոլ Փաշինյանի ցանկացած քայլ միտված է բացառապես իր իշխանությունը պահելուն: Կլինի օլիգարխներին մինչև 2018 թվականի՝ ելման կարգավիճակին բերելով, իրավապահ համակարգն իր պես չմտածողների դեմ կիրառելով, անմեղ մարդկանց հետապնդելով:
2018 թվականին իշխանությունը փոխեցինք, որ ազատվենք ագահ, հիմար, կոռումպացված ու փտած ռեժիմից ՝ վստահ լինելով, որ նման մակարդակի խնդիրների չենք բախվելու, ամենօրյա աշխատանքով, քայլ առ քայլ կորցրածը վերականգնելու ենք: Այդ ամենը չստացվեց. բոլոր խնդիրները խորացան, պատերազմում պարտվեցինք:
Ի լրումն՝ ձեռք բերեցինք Շվարցի ձևակերպմամբ՝ շարքային մի վիշապի:
Դիտեք նաև՝