Դիտեք նաև՝
Երգչուհի Լուսինե Պողոսյանն, ով վերջին տարիներին երգարվեստում այդքան էլ աչքի չէր ընկնում իր ակտիվ գործունեությամբ, ամիսներ առաջ տեսահոլովակ նկարահանեց երգիչ Մհերի հետ: Տեսահոլովակի արձագանքները տարբեր էին, որից հետո երգչուհին կարծես թե կրկին լռում է: Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց վերջինիս հետ` ճշտելու տևական լռության պատճառը, արդյո՞ք շարունակելու է հանդես գալ նորովի և այս անգամ ի՞նչ կերպ կներկայանա հանրությանը:
-Լուսինե Մհերի հետ զուգերգից հետո, արդյո՞ք պատրաստվում եք այլ ստեղծագործություններով հանդես գալ, և հնարավո՞ր է, որ այն ձեզ օգնեց նորովի ներկայանալ:
-Իհարկե, այն ինչ տեղի ունեցավ տևական դադարից հետո, ինձ մի քանի քայլ առաջ տարավ, քանի որ ինձ համար մեծ պատիվ էր ունենալ զուգերգ հենց Մհերի պես երգչի հետ: Արձագանքները լավ էին, որոնց համար շնորհակալ եմ իմ հանդիսատեսին: Այսօր պատրաստվում եմ նոր տեսահոլովակ նկարահանել, որի պրեմիերան կլինի աշնանը:
-Մհերի հետ զուգերգը բազմաթիվ քննարկումների, քննադատությունների և գովաբանությունների արժանացավ: Շատերը քննարկում էին այն տեսարանները, որոնք դուք խաղացիք տեսահոլովակում, իսկ շատերն էլ պնդում էին, որ եթե դուք մեկ այլ երգչի հետ հանդես գայիք, ով ավելի մեծ մասայականություն է վայելում այսօր, հնարավոր է, որ ավելի բուռն արձագանքներ ունենայիք և պատկերը մի փոքր այլ լիներ:
-Այն, որ մեր հանդիսատեսը մշտապես մի բան գտնում է քննադատելու համար արդեն բնական ու սովորական երևույթ է: Չեմ տեսել մի ստեղծագործություն որին միանշանակ վերաբերեն.միշտ փորձում են մի վատ բան գտնել:Ասեմ, որ մենք ոչ մի բաց տեսարան չենք ունեցել: Ամեն բան եղել է շատ մինիմալիզմի մեջ, որն ընդհանուր արտահայտել է սեր, զգացմունք, ինչն էլ ես բաց տեսարան չեմ համարում: Իսկ ինչ վերաբերում է Մհերի հետ զուգերգ կատարելուն, ներողություն եմ խնդրում նման կարծիք արտահայտողներից, բայց պետք է նշեմ, որ այն մասայականությունը, բարձր որակն ու այն հարգանքը և սերը, որն այսօր վայելում է Մհերը, արվեստում շատերը ևս կցանկանային վայելել: Ես որոշեցի զուգերգով հանդես գալ Մհերի հետ ոչ միայն այն պատճառով, որ նա լավ երգիչ է, այլ նաև` մենք շատ լավ ընկերներ ենք:
- Ձեր նոր աշխատանքը կրկին զուգերգի տեսքո՞վ կլինի, թե այս անգամ կփորձեք ձեր անհատական աշխատանքը հանդիսատեսի դատին հանձնել: Հետաքրքիր է`որևէ ոճային փոփոխություն կնկատենք նոր ստեղծագործության մեջ, և կտեսնենք մեկ այլ Լուսինե Պողոսյանի:
-Այս անգամ ես կներկայանամ որպես անհատ: Իսկ ոճային առումով, փոփոխություններ չեն լինի: Այս երգը վաղուց ձայնագրված էր: Ռեժիսոր Հրանտ Մովսիսյանի հետ որոշ քննարկումներ արդեն արված են: Ես միշտ նշել եմ, որ իմ բոլոր երգերի հիմքում ընկած են փոքրիկ պատմություններ` կապված իմ կյանքի հետ: Միայն մի բան կասեմ, որ սա ևս բացառություն չէ:
-Նախկինում դուք ևս ներկայացել եք ձեր կյանքի մասին պատմող երգով ու տեսահոլովակով: Խոսքս «Ինչ որ կամ» ստեղծագործության մասին է: Հետաքրիր է` ի՞նչն է պատճառը, որ դուք միշտ փորձում եք այդ կերպ ցույց տալ իրական Լուսինեին: Ձեզ սխա՞լ են ընդունում ու ընկալում:
-Ես պարզապես ցանկանում եմ կատարել այն երգերը, որոնք զգում եմ, որոնք իմ հոգեվիճակն են արտահայտում: Միայն դա է պատճառը, իսկ ինձ սխալ ընդունողներին ու ընկալողներին մի բան կասեմ` թող իրենց թանկ ժամանակը շարունակեն վատնել ու բամբասանքներ տարածել:
-Խոսելով ձեր հոգեվիճակի մասին` իմ ուշադրությունը գրավեց ձեր ֆեյսբուքյան էջում արված գրառումը. «Ես մենությանս հետ կարծես նշանված լինեմ, ու նրան պատկանեմ»: Ի՞նչ կարող ենք հասկանալ ձեր այս խոսքերից: Այսքան հեշտությա՞մբ եք հանձնվել ու նշանվել ձեր մենության հետ:
-Դա իմ նոր երգից մի հատված է, այն երգի, որի մասին խոսեցի: Պարզապես կեսգիշերին արթուն էի և որոշեցի նման գրառում կատարել, որը կտարբերվի մնացածից: Սակայն չէի կարող պատկերացնել, որ նման իրարանցում կառաջացնի այն:
-Զրույցի սկզբում նշեցիք, որ այդ երգը ներկայացնում է ձեր կյանքը: Այստեղից եզրակացնում ենք, որ այդ տողը ևս առնչություն ունի ձեր կյանքի հետ:
-Այո, իհարկե: Նշեմ, որ երաժշտության հեղինակը Արամ Ավագյանն է, իսկ խոսքերինը` Ավետ Բարսեղյանը, ով էլ փորձել է այն կապել է իմ հոգեվիճակի հետ: Իսկ թե ինչու է այդ խոսքերն առընչվում իմ կյանքի հետ` պետք է փաստեմ, որ ընդհանուր առմամբ կյանքումս ինչ որ չափով կա այդ մենությունը, ինչն էլ փորձում եմ հաղթահարել:
Հեղինակ` Անահիտ Հարությունյան