Նախընտրական քարոզարշավի շրջանակներում, կիրակի, Գյումրիում էր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը, ով ընտրողների հետ հանդիպել է Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում:
Ըստ ԳԱԼԱ հեռուստաընկերության, հանդիպմանը մասնակցել են մեծ թվով գյումրեցիներ, ինչն անակնկալի է բերել Րաֆֆի Հովհաննիսյանին, ով հայտարարել է, որ սա քարոզարշավի շրջանակներում ամենաջերմ եւ ամենամարդաշատ հանդիպումն է: Ներկաներն իրենց հերթին հավաստել են, որ հանդիպմանը եկել են իրենց կամքով՝ ոչ ոք չի ստիպել, չի հորդորել մասնակցել, ինչպես երեկ՝ գործող նախագահի քարոզարշավի դեպքում:
Ժառանգության առաջնորդը շեշտել է, որ թույլ չի տալու կեղծվեն ընտրությունները: Պատասխանելով ԳԱԼԱ-ի լրագրողի հարցին, թե ինքը քանի՞ տոկոս «խփելու» ակնկալիք ունի, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է. «Ես չեմ խփելու, ես հաղթելու եմ»: