Ես զինվոր եմ․․․ Չէ, ներեցեք, ես զինվոր էի․․․ Արդեն պիտի սովորեմ ինքս ինձ հետ անցյալով խոսել, չնայած համոզված եմ, որ ներկա կլինեմ դեռ երկար ժամանակ։ Երբ ես ծնվեցի, հայրս մի լավ խմեց․․․ Դե՜ հասկացեք նրան, ախր տղա էր ունեցել։ Անցան իմ 18 գարունները։ 18-րդն արդեն ինձ պես զինվորների հետ դիմավորեցի։ Բոլորիս 18-րդ գարունն էր․․․ Բոլորս միասին էինք․․․
Գարնանը ծաղկում է բնությունը, կյանքը սկսում է արթնանալ իր խորը քնից։ Այս գարունն էլ սովորականի պես սկսվեց․․․ Մի քանի օր առաջ հայրս էր զանգել, ասաց, որ մեր բակի ծիրանենին արդեն ծաղկել է։ Օրերն եմ հաշվում, 20-րդ գարունս արդեն իմ տանը կդիմավորեմ։ Ծիրանենու ծաղկելն էլ իմ աչքերով կտեսնեմ։
Բայց․․․ Այս գարունը նման չէր մյուսներին։ Բնության հետ արթնացել էր նաև թշնամու դաժանությունը։ Չնայած նրա դաժանությունը երբեք էլ քուն չէր մտել։
Ես չէի պատկերացնում, որ սա իմ վերջին գարունը կդառնա։ Ախր 20-րդը պետք է տանը դիմավորեի։
Ես չէի պատկերացնում, որ արևը վերջին անգամ եմ տեսնում․․․ Եթե իմանայի արևից մի բուռ սրտումս կպահեի։
Ես չէի պատկերացնում, որ մորս ձայնը վերջին անգամ եմ լսելու․․․ Եթե իմանայի կխնդրեի նրան մի քանի բառ ավել ասել։
Ես չէի պատկերացնում, որ ծիրանենին իմ աչքերով էլ չեմ տեսնի․․․ Եթե իմանայի կխնդրեի հորս ծաղկած ծիրանենուց մի քիչ էլ պատմել։
Ես շատ բան չէի պատկերացնում․․․ Պատկերացնելու ժամանակ չունեցա։
Իմ ու Ձեր միակ մխիթարությունը թող լինի այն, որ մահս սովորական մահ չէր․․․ Մահս հերոսական էր։ Կյանքս սովորական կյանք չէր, այլ հերոսի կյանք․․․ Մարմինս մահացավ, բայց հոգիս ամեն պահ վերածնվում է․․․ Ես կամ ու կլինեմ այնքան ժամանակ, քանի դեռ ինձ հիշում եք։
Ես գնացի, որ դուք ապրեք․․․ Իմ ծաղկած ծիրանենին Ձեզ եմ նվիրում․․․ Գարունս թող Ձեզ համար բացվի, բայց երբեք չնմանվի 2016-ի գարնանը․․․ Ձեզ եմ տալիս նաև իմ մի բուռ արևը․․․
Իսկ մորս ձայնը հաստատ չեմ մոռանա․․․ Ականջներս նրա ձայնով հարուստ են․․.
Հայրս նորից մի լավ խմեց․․ Դե՜ հասկացեք նրան, ախր տղա է կորցրել․․․
Աստված բոլոր զոհված զինծառայողների հոգին լուսավորի