▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես անզոր եմ այս սիրո առաջ. DJ Vakcina

 

 

 

 

 

 

 

Նա չվախեցավ Հայաստանում առաջին կին DJ-ը դառնալ, նա չի վախենում իր կարծիքը հայտնել, նա նաև չվախեցավ միայնակ մայրանալուց: Եվ այսօր նա երջանիկ է, իր նորածին որդու հետ: Asekose.am-ի թղթակիցը զրուցել է DJ Vakcina-յի հետ՝ մայրական բերկրանքի, ընտանիքի, մանկությունից բխող թուլությունների, կնոջ ու տղամարդու փոխհարաբերությունների մասին:

-Ի՞նչ զգացողություններ ունեք բալիկի լույս աշխարհ գալուց հետո:

-Կյանքիս ամենաերջանիկ օրն էր:Առանց ցավազարկման ունեցա երեխային, որովհետև  ուզում էի զգալ նրա ծնվելու ընթացքը, դրանք երջանիկ ցավերն էին:Տղաս արդեն 8 օրական է, և  ամեն վայրկան ավելանում է սերս նրա նկատմամբ, անգամ  վախենում եմ իմ սիրո չափից....խնամքը, էդ տանջանքը «իսկական մամա» զգալու բերկրանքը,  դա ամենաքացր բանն է: Ոչ մեկին չեմ թողնում իմ փոխարեն ինչ որ բան անի,ամեն բան ինքս եմ անում: Ինչքան էլ որ չարչարվում ես, ֆիզիկապես հոգնում,  երեխայի մեկ հայցքը  աշխարհը քոնն է դարձնում: Ես անզոր եմ այս սիրո առաջ,  որդիս  իմ հրաշքն ու իմ հաղթանակն է, ես բառի լավ իմաստով թևաթափ եմ լինում նրա առաջ:

-Դուք Հայաստանում միակ կին դիջեյն էիք կամ նաև հիմա էլ միակն եք. Հետո միակը եղաք, որ հրապարակային հայտարարեցիք, որ ցանկանում եք երեխա ունենալ` չնայած ամուսացած չեք և խիզախեցիք ու այդ քայլին գնացիք... Դժվար չէ՞ արդյոք միակ լինելը…

-Այդ երկուսը չեն իմ միակը լինելու նախաշնորհները , սակայն այդ երկուսն են  հանրությանը հայտնի դարձել, իհարկե դժվար է… Այսօր իմ ծանոթներից մեկը խոսում էր այն մասին, թե ինչքան հպարտ է, որ ունի իմ նման ընկեր , ով չի վախենում առաջինը լինել այնպիսի դաշտերում ու ոլորտներում, որոնք շատ քննարկվող են ու շատ նուրբ. մանավանդ երեխայի հարցը:

Հասարակության կողմից արձագանքը, առանց ամուսնանալու երեխա ունենալու իմ որոշմանը, շատ հետաքրքիր էր, այն չհամընկավ իմ սպասելիքներին:Ես սպասում էի, որ ավելի սուր ու կտրուկ քննադատություններ կլինեին, սակայն ի զարմանս ինձ, անգամ ինձ հասնող բամբասանքները դրական էին, ինչը շատ տարօրինակ էր, միայն երբեմն բլոգներում նկատում էի  ինչ-որ ակնարկներ:  Ես իմ հղիության մասին բավականին ուշ բարձրաձայնեցի, միայն այն պատճառով, որ  մտածում էի, թե հասարակության վատ, բացասական արձագանքը իմ նյարդերի, հոգեվիճակի վրա  վատ կանդրադառնա, իսկ դա ինձ հակացուցված էր:

Բայց սա շատ ավելի կարևոր ու ճակատագրական հարց էր ինձ համար,  քան դիջեյ դառնալու որոշումս: Երբ որոշեցի առաջին աղջիկ դիջեյը դառնալ  Հայաստանում, դա ինձ համարձակ քայլ էր թվում, բայց երեխա ունենալու հարցի կողքին, այն ես անհամեմատ ավելի պակաս  ռիսկային եմ համարում: Երեխա ունենալն այն հարցն էր, որ  մարդիկ դա քննարկեին չքննարկեին, ընդունեին չնդունեին դա ես անելու էի: Փառք Աստծո, որ հանրության արձագանքը հիմնականում դրական էր. կամ մարդկանց ընկալումներն են  փոխվել, կամ ինձ են ավելի ուրիշ ընկալում , ես շոոււբիզնեսի աստղ չեմ, ով շատ աղջիկների պես սիրային կապեր է ունենում: Մարդիկ սիրում են քննարկել,թ  ով ում հետ է սիրային կապ ունեցել և այլն:Իմ դեպքում նման բամբասանք չի եղել, ես հիշում եմ , որ միայն այն տարի, երբ իմ պատգսմավոր ընտրվելու հարցն էր որոշվում, այդ ժամանակ լուրեր տարածվեց, թե իբրես վարչապետ Տիգրան Սարգսյանի սիրուհին եմ, որն իրհարկե այդպես չէր: Ինչքան էլ իմ քայլերն ու վարքը համարձակ է, բայց այն շեղված չէ մարդկային արժեքներից և կարծում եմ դա է պատճառը, որ իմ հանդեպ ավելի հանդուրժող եղան:

Եվ մի բան էլ, ես առհասարակ ոչ մի բան երբեք չեմ թաքցնում մարդկանցից, անգամ եթե իմ կարծիքը հայտնելուց հետո ինչ-որ խնդիրների առջև կանգնեմ, միևնույն է չեմ վախենում հայտնել իմ կարծիքն ու դեմ գնալ խնդիրներին : Չգիտեմ մարդիկ երևի արդեն  ինձ ճանաչում են, և  գիտեն, որ  ուղիղ ասող եմ, ու ինձ այդպես են ընդունում…

-Ինչպե՞ս որոշեցիք հղիանալ առանց ամուսնանալու:

-Ես բազմիցս նշել եմ, որ այս քայլին գնալու  հարգելի պատճառներ ունեի: Նախ դրանք առողջական խնդիրներն են , որոնք երկար տարիներ ունեի, և որոնք առաջացել էին բժիշկների սխալ միջամտություններից:

Եթե չհղիանայի, ապա մեկ ելք ունեի՝ կյանքս փչացնել. իսկ ես ոչ ինձ, ոչ էլ որևէ մեկին թույլ չեմ տա իմ կյանքը փչացնել, ինչ է թե ինչ-որ մեկն իմ մասին փոխի իր կարծիքը : Շատ կներեք, բայց այն մարդիկ, ովքեր ինձ ճանաչում են, շատ լավ էլ գիտեն ես ով եմ , ինչ բարոյական չափանիշներ ունեցող մարդ եմ: Երեխա ունենալու  փաստին վատ չեն վերաբերվում, բայց այ հենց հերթն հասնում է երեխայի հորը հարցը բարդանում է : Ես  չեմ պատրաստվում ամեն մեկին պատասխան տալ կամ բացատրություն  տալ, նա իմ շատ լավ ընկերն էր, ում հետ ես սիրային կապերի մեջ չեմ եղել,  այլ պարզապես պայմանավորվածություն կար մեր մեջ:

Ես  իհարկե կուզենայի, որ  իմ երեխան ծնվեր և մեծանար լիարժեք ընտանիքում , բայց ավելի լավ է չունենալ, քան ունենալ վատը:  Շատ երեխաներ, ապրելով ֆորմալ առումով լիարժեք ընտանիքում, որտեղ կա և հայր , և մայր, հաճախ ոչ լավ հոգեբանական վիճակում են  գտնվում: Այդպիսի ընտանիքներում իրենք ավելի շատ հոգեբանական խնդիրներ են ունենում:

Բայց ես վերջակետ չեմ դնում , ավելին, ես հաստատ գիտեմ, որ վաղ թե ուշ իմ կողքին կլինի լիարժեք, նորմալ, այնպիսի տղամարդ , ում  ներկայությունից ես չեմ նյարդայնանա և ինքս էլ նրա համար կլինեմ երկրորդ կես , ամենալավը: Ես չեմ կարող ասել, թե կոնկրետ ով կլինի այդ անձը, բայց վստահ եմ , որ նա մի օր կհայտնվի , որովհետև ես դեմ չեմ դրան, ընդհակառակը, ես շատ մեծ պատասխանատվությամբ եմ մոտենում ընտանիքին:

Գուցե շատերը չհավատան, բայց ինձ համար ընտանիքը թիվ մեկ արժեքն է, պարզապես ես այլընտրանք չունեի: Սրանք պարզապես ասված  խոսքեր չեն,   երջանիկ ընտանիք ունենալու ցանկությունը դեռ մանուկուց է եղել իմ ներսում ,   ես չեմ տեսել այդ ցանկալի  շատ երջանիկ ընտանիքը ու ես չեմ ուզում կրկնեմ սխալը: Ես և քույրս, մինչ հիմա տառապում ենք հոգեբանական խնդիրներից: Ես էլ, քույրս էլ  կայացած, ուժեղ մարդիկ ենք, բայց դառնում ենք նուրբ և խոցելի, երբ  խոսքը գնում է ընտանիքի պրոբլեմներից և ես չեմ ուզում , որ իմ սխալ քայլի, սխալ ընտրության , պատճառով մարդկանց դժբախտացնեմ , կարծում եմ, որ ես երեխայիս միայնակ ավելի շատ ջերմություն ու սեր կարող եմ փոխանցել, քան երկու մարդկանց անառողջ հարաբերությունները...

այտնելո՞ւ եք հասարակությանը երեխայի հոր անունը:

-Հասարակությանը չէ,  բայց երեխային միանշանակ ասվելու է հոր մասին, շփումը լինելու է հոր և երեխայի միջև:

-Իսկ եթե երեխան մեծանա և հայտնի՞ այդ մասին հասարակությանը….

-Հիմա մի քիչ բարդ հարց եք տալիս,  ես երեխային հաստատ սահմանների մեջ չեմ դնելու, չեմ ասելու չասես, բայց , դա իրավիճակից է կախված , որովհետև հայրիկը գուցե նաև Հայաստանից գնա, այդ դեպքում չեմ ասի, որ երեխան կրկնակի սթրեսի չենթարկվի: Այս հարցի պատասխանը կյանքի ընթացքը ցույց կտա, տեսնենք թե ինչպես կդասավորվի այն:

-Որոշել էիք Ձեր զավակին տալ Ձեր հոր՝ անունը Յուրա, ինչպե՞ս եղավ, որ նրա ծնունդից հետո փոխեցիք Ձեր որոշումը:

-Բնության, Աստծո կողմից տրված հաղթանակ էր, իմ՝ երեխա ունենալը, նրա`որդուս ծնունդը: Ես ավելի վատատես էի, չէի սպասում նման հաղթանակի: Նա համերգների , միջոցառումների  ընթացքում տանջվել է իմ հետ միասին, նա  հաղթանակող զինվորիկ է,  ով հրաշքով ստեղծվեց, դիմացավ ու ծնվեց, և իմ որոշումը փոխվեց, ես նրա անունը Վիկտոր դրեցի: Կարծում եմ դա կնպաստի նաև  նրա մեջ տղամադրկային հատկանիշների ձևավորմանը:

- Իսկ  կանայք  Հայաստանում  կարողանո՞ւմ  են  իրենց  ցանկությունների  մասին բարձրաձայնել:

- Ես զգում եմ, որ տենդենց կա. կանայք ուժեղանում են: Օրինակ, եթե փորձի համար ինչ -որ ժամանակահատված վերցնենք և ուսումնասիրենք կանանց ու տղամարդկանց, կտեսնենք, որ կանայք ավելի արագ են էվոլուցիայի ենթարկվում  Հայաստում,   ավելի ամուր են իրենց ոտքերը հողին դնում, նրանց կամքի ուժին ու համառությանը շատ տղամարդիկ կնախանձեն: Գուցե հենց  կանանց այս կոնտրաստային ֆոնին են  տղամարդիկ ավելի թուլանում, թուլակամ են դառնում, ավելի ծույլ են դառնում:

Ես շատ եմ շփվում մարդկանց հետ, և ցավում եմ, բայց եթե Հայաստանում լիներ տղամարդկանց  լավ բանակ,  մենք չէինք ունենա այդքան ուժեղ, կայացած, բայց անձնական կյանքում դեռևս իրենց համապատասխան տղամարդկանց չգտած  կանայք: Իսկ այդպիսիք Հայաստանում շատ են` կայացած, խելացի բանիմաց, աշխատասեր կանայք: Այսպիսի կնոջ  կողքին պետք է լինի  տղամարդ, ով  այդպիսի կնոջը կընդունի  այնպիսին, ինչպիսին կա՝  ուժեղ, կայացած:

Ցավոք, շատ կանայք և հենց օրինակ ես, ինչո՞ւ պետք է մենակ լինեմ. դա նրանից չէ, որ  ես ուզում եմ մենակ լինել , ոչ,  ես  պարզապես այս տարիների ընթացքում հասկացել եմ, որ դեռևս իմ երկրորդ կեսին չեմ գտել, այն մեկին, ում կարող եմ տեսնել իմ կողքին, ում հետ հնարավոր կլինի կյանք  կապել. ես խաչ չեմ դնում այս հարցի վրա, բայց մինչ օրս չեմ հանդիպել  այդ տղամարդուն... 

 - Ի՞նչն է խանգարում հայ կնոջը ազատ լինել.

-Դարեդար եկող մենթալիտետը, որը սերմանվում է ընտանիքում:Թե տղամարդկանց, թե կանանց  մոտ  մանկուց ձևավորվում է   կարծրատիպ, որ կանայք չպետք է լինեն ազատ, որ  պետք է վիզները ծուռ ման գան, իմանան իրենց իրավունքներն ու սահմանափակումները՝  տարբեր  միջավայրերում և իրավիճակներում: 

Բայց կա ևս մի կարևոր գործոն՝  գենետիկական հիշողություն: Այն  հայերի մոտ,  շատ ուժեղ է արտահայտված, և սա ես ասում եմ արդեն, որպես կենսաբան, որ  ոչ միայն միջավայրն է ազդում երեխայի վրա մեծանալիս, այլ նրա ներքին կառուցվածը, գենետիկական կոդը, հիշողությունը, որը շատ ավելի ուժեղ բան է իրականում, քան միջավայրը: Մարդիկ ծնվում են արդեն  որոշակի   կողմորոշմաբ կամ մտածելակերպով  և մանավանդ դա տեսնելով միջավյարում, համարում են նորմալ, ընդունելի: Չնայած բոլոր ժամանակներում կան մարդիկ, ովքեր շեղվում են ընդունված նորմայից. ուժեղ մարդիկ, ովքեր որոշում են իրենց ուզած ձևով  ապրել իրենց կյանքը և դա չի նշանակում, որ  նրանք  վատն են, կամ սխալ են ապրում, եթե ոչ ոքի չեն վնասում,  եթե նրանց կյանքում այլասերումը տեղ չունի, ուրեմն ամեն ինչ նորմալ է, խնդիր չէ, որ նրանց կյանքը չի համապատասխանում ընդունված չափանիշներին, որոնք հաճախ պահվում են միայն ձևականորեն՝ հանուն հասարակական կարծիքի:

Հենց այդ չափանիշները ձևականորեն պահող մարդիկ իրենց իրավունք են վերապահում   այդ նույն նորմերի պահպանումը պահանջել նաև քեզանից:

Կանանց մոտ ազատության սահմանափակումն  իրականում հասարակության խնդիր է, սոցիումի: Այն մարդկանց, որ այդքան էլ պատրաստ չեն, որպես անհատականություն պայքարելու, միշտ հասարակությունը ճնշում է:Շատ կանայք ցանկանում են ապրել այլ կերպ, բայց  ապրում են  ուրիշ կյանք:

Օրինակ միայնակ  երեխա ունենալու բարդույթը հաղթահարելը, կախված է շատ այլ  բարդույթներ  հաղթահարելուց . դա շղթայական է, և մինչ դու մի հատվածը չազատես մյուս քայլերը չես կարող անել ....

Մարդիկ մտածում են հաճախ, որ ազատ ապրելը հայեցի չէ, բայց իրականում նրանք կարող են ապրել հայեցի, լիարժեք կյանքով.եթե մենակով գիշերը քայլեցիր, ուրեմն դու արժանապատիվ հայ չե՞ս:

Կան շատ ծայրահեղական մոտեցումներ, մի օրինակ բերեմ. իմ ծանոթներից մեկն ով ամուսնացած է, մի օր ասաց, թե ուզում է ընկերուհի ունենալ:/ Դա ինձ համար արդեն անընդունելի է, ինչքան էլ ես ազատ եմ ապրում,  բայց ունեմ իմ համար բարոյականության չափանիշներ/:

Ծանոթս շարունակեց խոսքը.

-Ես ուզում եմ ընկերուհի ունենալ, բայց բոլոր աղջիկները ում հետ ընկերություն եմ արել,  /ձեռք ձեռքի բռնած զբոսնելու մասին չէ խոսքը , այլ՝ սիրային հարաբերությունենրի/,  ժամը 10- ին գնում են տուն :

Ասում եմ.

-Այսինքն ո՞նց, կան աղջիկներ , որ 10 ին են լինում տանը, որոնց բարոյականությունը 0 է, նրանք համարվում են  «տան աղջիկներ»,   իսկ այն աղջիկները, օրինակ իմ ընկերուհիները, որ մինչև  գիշերվա ժամը 3 -4 -ը կարող են իմ հետ  «տժալ» և լինել կույս բառի բուն իմաստով, բարոյական մարդ ՝  բոլոր առումներով, ով իրեն թույլ չի տա բարոյական տեսակետից ամուսնացած տղամարդու հետ սիրային կապի մեջ , նրանք այսպես ասած   «տան աղջիկներ» չ՞են կարող համարվել:

Այսինքն ձևականությունը շատ է մեր հասարակության մեջ, ամեն բան խեղված է, անգամ բարոյականություն հասկացությունը:Մենք ազնիվ չենք մեկս մյուսի հանդեպ: 

 -Իսկ Հայաստանում միայն  կանա՞յք ենք անազատ , թե նույնը նաև տղամարդկանց է վերաբերում:

-Բնականաբար տղամարդիկ իրենց ընտրության հարցում շատ ավելի ազատ են, սկսած աշխատանքից, կենցաղից, նրանց խոսքն ավելի շատ տեղեր է անցում:, Էլ չասեմ այն մասին, որ կանայք օջախը ղեկավորողն են, կամ տղամարդուն ենթագիտակցորեն ղեկավարողը: Իրականում կինն այնքնա իմաստուն է, որ ինքն է տղամադրուն թե առաջ տանողը, թե հետ մղողը ընտանիքում , և ոչ միայն ընտանիքում: Հոգեբանկան առումով տղամարդիկ նուրբ են, նրանց շատ հեշտ է խոցել, վնասել, հատկապես այն ընտանիքներում, որտեղ տղայի ծնողներն են  որոշումներ կայացնում, թե կրթության, թե ընտրության, թե աշխատանքի հետ կապված հարցերում: Այս առումով շատ եմ  ցավում, որ կան աղջիկներ ու տղաներ, ովքեր  թույլ են տալիս, որ ծնողների կամ այլոց կողմից  վճռվի նրանց  ճակատագրերը:Ես զգում եմ ,որ կան լռիվ ազատ մարդիկ, բայց կան այնպիսիք, ովքեր պարտադրված ամուսնանում են՝ հատկապես ելնելով դիրքից, հարստությունից, և  շատ հազվադեպ է լինում, որ երջանիկ են լինում:

- Հայ տղամարդը կնամեծա՞ր է:

-Հայ տղամարդիկ բացարձակ կնամեծար չեն , ընդհանրապես: Ասեմ, որ ես շատ եմ շրջում աշխարհում, և  ինձ միշտ էլ հետաքրքիր է  ծանոթանալ մարդկանց հոգեբանությանը, մտածելակերպին ու մշակույթային առանձնահատկություններին , սովորություններին: Շատ  եմ հիասթափվում ու տխրքւմ, երբ տեսնում եմ, որ այլ ազգեր ավելի շատ և իրոք մեծարում են կանանց: Մենք  չենք գնահատում կնոջը, գնահատողը թույլ չի տա որ կինը հիասթափվի, հոգեպես ճնշվի, նյարդային հոգեբանական վատ վիճակի  մեջ ընկնի:Այդ ամենը տեսնելուց հետո շատ դժվար է հայ տղամարդու հետ  ինչ որ հարաբերություններ ստեղծելու մասին մտածել:

-Ձեզ համարո՞ւմ եք հաջողակ կին: Ի՞նչն է նպաստել կյանքում հաջողություններ արձանագրելուն:

-Ես միանշանակ ինձ համարում եմ հաջողակ:Շնորհակալ եմ ճակատագրին: «Գրեմի»-ի խոսքեր չեմ ասում, պարզապես բախտի բերումից, լավ աստղի տակ ծնվելուց ու հաջող գեներից,  հաջողության գրավականը աշխատասիրությունն է և սիրված գործով զբաղվելը: Հաջողություն ունենալու համար անհրաժեշտ է զբաղվել սիրելի աշխատանքով:

Ես միշտ արել եմ այն, ինչ ես սիրել եմ և ոչ մի ջանք չեմ խնայել այդ գործում հաջողություն ունենալու համար: Եվ թող չթվա, թե հեշտ է ամեն բան, ոչինչ հեշտ չէ հիմա էլ շատ դժվար է, պարզապես իմ բախտն այնքանով է բերել, որ ունենում եմ այնքան ուժ, որ կարողանում եմ անել այն ինչ ես սիրում եմ ...

Բացի իմ օրինակից, այն մարդիկ, որոնց անցած ուղին ու հատկապես մանկության տարիները բարդ ու դժվար են եղել, հաճախ ավելի շատ բանի են հասնում, ավելի ծատ բան են անում , իհարկե չենք խոսում  այն մարդկանց մասին ովքեր կոտրվում են ու չեն կարողանում շարունակել  առաջ գնալ իրենց ուղով:

Վստահ կարող եմ ասել, որ ես այդպիսին չէի լինի, եթե ես չունենայի ծայրահեղ դժվար կյանք անցյալում, և այսպիսի ուժեղ չէի լինի, եթե ես ամեն օր չհաղթահարեի, օրվա բերած դժվարություններն ու հոգսերը:

Ես պարզապես կյանքը շատ շատ եմ սիրում, ու ինչքան դժվարություններ լինում են ես դրանց միջից փորձում եմ դուրս գալ բարձր գլխով: Միանշանակ կարող եմ ասել որ  ոչ մեկի կյանքը քաղցր չէ , ամեն մեկս մեր յուղով ենք տապակվում, բայց իմ վրա ծանր հետք է թողել իմ մանկությունը իմ պատանեկությունը.Օրինակ վերցնենք այն, որ ես մանկություն չեմ ունենցել միանշանակ, որովհտև իմ մանկությունն անցել է այն վատ տարիներին`  մութ ու ցուրտ, կյանքի մահու կռվի տարիներին:Եթե եղել են այդպիսի ընտանիքներ ովքեր հեշտ են անցել այդ տարիների միջով, ապա մեր ընտանիքը դրանց մեջ չի մտել, և ամեն օր մենք իրականում հաղթահարում էինք կյանքի մահու պայքարում: Իմ ծնողների պայքարն էինք մենք տեսնում ամեն օր, այդ դժվարությունների հետ կապված:Այդ տարիների ընթացքում եղած առողջական խնդիրները թե իմ, թե ծնողներիս մոտ առանձնահատուկ վերաբերմունք  առաջացրեցին առհասարակ առողջություն ասվածի և այսօր վա դիրքից նայելով արդեն շատ բարձր  կարող եմ գնահատել այդ արժեքը, ու հենց դրա համար էլ փորձում եմ  իմ հնարավորության սահմաններում պայքարել հանուն մարդկանց առողջության , տարբեր միջոցառումներ, քարոզարշավներ, ակցիաներ և  սեմինարներ կազմակերպելով:

 -Ըստ Ձեզ, ո՞րն է համարվում կնոջ երջանկության գաղտնիքը:

-Կնոջ երջանկությունը, լիարժեք տղամարդու առկայությունն է իր կողքին: Լիարժեք ընտանիքը , որ կինը չվախենա կորստից, չվախենա դավաճանությունից: Կինն առհասարակ պետք է չվախենա, որ  ոչ թե ինքը լինի  «դուխով», այլ իր կյանքում ամեն բան այնպես դասավորվի, որ նա հոգեպես խաղաղ լինի, որ նա տագնապով չքնի, տագնապով չարթնանա, որ ողջ օրը խաղաղ անցնի, առանց հոգեկան լարվածության... դա իմ համար երջանկությունն է, ցավոք ես այդպիսի կանանց քիչ եմ հանդիպել, ովքեր ունեն այդ խաղաղությունն ու լիարժեք ընտանիքը: Ես կուզենամ, որ այդպիսիք շատ լինեն Հայաստանում

 -Ո՞րն է իդեալական կնոջ կերպարը Ձեզ համար:

-Իմ համար կնոջ իդեալական կերպարը երջանիկ կինն է, եթե նա երջանիկ է, ապա հաստատ տղամադրու համար դառնում է իդեալական:

-Ինչ-որ բան  ունե՞ք ավելացնելու:

-Նախ բոլոր կանանց մաղթում եմ քաջառողջություն, որ կարողնան մայրանալ ու վայելել այդ երջանկությունը, թող նրանք առողջ լինեն, որ կարողանան ոչ միայն լույս աշխարհ բերել,  այլև խնամել իրենց երեխային: Եվ հասկացա, որ ինչքան էլ կինը լինի կարիերիստ, սրանից կարևոր միսիա, առաքելությունը կինը չունի: Ես մի քանի ամսից նորից իմ սոցիալական ծրագրերով կզբաղվեմ,չեմ ուզում, որ մարդիկ մտածեն, թե երեխայով կսահմանափակեմ իմ կյանքը,  բայց նա լինելու առաջին տեղում:

Ես մեծ ռիսկի գնացի, բայց արդյունքը արդարացրեց, և քննարկումներն ու քննադատություննները, ինձ հիմա արդեն ընդհանրապես չեն հուզում: Մայրանալը Աստծուց  է տրված, փորձեք ամեն մեկդ ստեղծել ձեր երջանկությունը, երջանիկ մարդիկ հաստատ ուրիշների երջանկությունը չեն քննադատում:

Ես երջանիկ եմ և ուրիշների երջանկությունը չեմ քննարկում, այլ վայելում եմ իմը:

 

Հարցազրույցը` Նանե Բագրատունու

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее