«Ինչքան երկար ժամանակ է անցնում քրեական հեղինակություն Լեւոն Ղազարյանի՝ Երրորդմասցի Լյովիկի սպանությունից, այնքան նեղանում է կասկածյալների շրջանակը, եւ իրավապահները քննության առարկա են դարձնում վարկածներից ամենաարժանահավատները:
Ըստ որոշ տեղեկությունների՝ այժմ քննարկման հիմնական վարկածը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի շրջապատի մասնակցությունն է: Մասնավորապես, կասկածվում է նրա մտերիմ, անվտանգության աշխատակից Մարտուն Կարապետյանը՝ «Կյաժ Մարտուն» մականունով:
Մամուլն այս տեղեկությանն անդրադարձել է՝ գրելով, որ Մարտուն Կարապետյանը խնդիրներ է ունեցել սպանված Երրորդմասցի Լյովիկի հետ, եւ ըստ խոսակցությունների, Երրոդմասցի Լյովիկն ու նրա ընկերները առեւանգել են Մարտուն Կարապետյանին, նրան դաժանաբար ծեծի են ենթարկել՝ հատ-հատ կոտրելով բոլոր մատները:
Սակայն, ըստ հավաստի լուրերի, այս պատմությունը քիչ այլ կերպ է եղել: Երրոդմասցի Լյովիկն ու Կյաժ Մարտունը իսկապես խնդիրներ ունեցել են, որոնք այն աստիճանի են սրվել, որ բանը հասել է անձի առեւանգմանը: Եվ առեւանգվել է ոչ թե Կյաժ Մարտունը, այլ նրա եղբայրը, որին էլ հենց ծեծել են ու կոտրել մատները:
Նույն տեղեկությունների համաձայն՝ այդ տղայի վիճակը դեռ շատ ծանր է: Այս «ռազբորկային», սակայն միջամտել են այլ քրեական հեղինակություններ եւ թվացյալ հաշտություն է կնքվել:
Սակայն Կյաժ Մարտունը որոշել է վրեժխնդիր լինել եղբոր համար»:
Ուշագրավ այլ նյութեր` «Ժամանակ» թերթում: