168.am-ը գրել է. Մի ամբողջ ընտանիքի՝ անչափահաս երեխաների, երիտասարդ մարդկանց ճակատագրեր խաթարվեցին հարբած վարորդի պատճառով: 6-ամյա Գուրգեն և Գառնիկ զույգերն ամեն օր նստում են հանգուցյալ հոր` պատից կախված նկարի տակ ու սպասում նրան: Գուրգենն օրվա մեջ մի քանի ժամ մոռանում է մանկությունը, անխոս մոտենում է հոր նկարին ու բոլորից թաքուն շշնջում է՝ «Հայրի՛կ, կարոտել եմ քեզ»: Հետո մոտենում է եղբայրը՝ «Ես էլ եմ կարոտել» ասելով, որոնց կողքին նստում են երկու քույրերն, ու անչափահաս չորս երեխաները միասին սպասում են իրենց հայրիկին: Գուրգենը հաճախ ժամերով պառկում է այն բազմոցին, որի վերևում փակցրած է հոր լուսանկարը, ու մորն ասում է՝ «Հայրիկին նայելով` կարոտս եմ առնում»:
Հայրիկը Վահան Սահակյանն է, որի վթարի ենթարկվելու դեպքն ամբողջ հանրապետությունը ցնցեց: Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի ատամնաբույժ Վահանն ընդամենը 32 տարեկան էր, չորս անչափահաս երեխաների հայր:
«2012թ. նոյեմբերի 31-ին Աշտարակից մեկն եկավ, իրեն տարավ հղի կնոջ ցավացող ատամը նայելու: Երեկոյան ժամը 21:00-ի կողմերն էր, որ գնաց: Տուն վերադառնալուց ժամը 23:00-ի կողմերը Աշտարակի խճուղում կանգնած է եղել երեք երիտասարդ ծանոթ տղաների հետ: Հարբած վարորդը մեծ արագությամբ մեքենան վարելով 4-ին էլ վրաերթի է ենթարկել, մեքենաների լույսերը չեն աշխատել ու…»,- պատմում է Վահանի կինը՝ Նաիրան, ում ամուսինը և երկու՝ 25 և 27 տարեկան երիտասարդները տեղում մահացել են:
Մեքենայի հարվածն այնքան ուժգին է եղել, որ երիտասարդների մարմինները կտոր-կտոր եղած` շաղ են եկել մեծ հեռավորության վրա: «Թաղելուց մարմնի մասերը հազիվ ենք հավաքել»,- ասում են Վահանի հարազատները:
Երեք երիտասարդներին վրաերթի ենթարկած Աշտարակի բնակիչ Արամ Մուրադյանը կատարվածից հետո չորս օր չի կարողացել խոսել, ասում են՝ շոկ է տարել: Հետագայում խոստովանել է, որ այնքան հարբած է եղել, որ ինքնատիրապետումը կորցրել է, դրանից բացի՝ մեքենայի լույսերն անսարք են եղել, և տղաներին չի նկատել: 8 տարվա ազատազրկման դատապարտվելուց հետո կալանավայրում խելագարվել է, քանի որ սթափվելուց հետո, գիտակցելով իր արարքի ծանրությունը, չի կարողացել ինքն իրեն ներել: Վահանի հարազատներն ասում են՝ կալանավայրից տեղափոխել են` Ավանի, որոշ ժամանակ անց էլ՝ Սևանի հոգեբուժարան: «Լսել ենք, որ կախվել է: Պարանով ինքնասպանություն է գործել»,- ասում է Նաիրան, ով դեպքի մանրամասները պատմելուց առաջ երեխաներին խնդրում է սենյակից դուրս գալ: Չորս անչափահաս երեխաները թեև գիտեն, որ հայրը մահացել է, այդուհանդերձ, առայսօր հավատում են հեքիաթի, սպասում են հորը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում