Asekose.am-ի և ՄԵԳԱՊՈԼԻՍ ԱՄՍԱԳՐԻ հարցերին պատասխանում է երգիչ Էրիկը:
- Աշխատասիրություն թե՞ ընդունակություն. այս երկու որակներից ո՞րն եք նախընտրում:
- Կարծում եմ անընդունակ մարդը որքան էլ որ աշխատի, մեծ հաջողությունների դժվար թե հասնի, բայց դե մյուս կողմից էլ ընդունակությունները, որոնք չեն մշակվում ու չեն կիրառվում, նույնպես, ցանկալի արդյունքի հասցնել չեն կարող: Էնպես որ, յուրաքանչյուր մարդ ցանկալի է, որ ունենա այս երկու որակների դուետը:
- Կա՞ այնպիսի մի հայտնի ասացվածք, կամ թևավոր խոսք, որը Դուք ընտրել եք որպես կյանքի ուղեցույց:
- «Այն, ինչ կարող ես անել այսօր, մի թող վաղվան»: Ես առհասարակ շատ եմ կարևորում ժամանակը և կարծում եմ, որ ամեն ինչ պիտի արվի իր ժամանակին:
- Ձեր բնավորության գծերից ո՞րը կցանկանայիք նվիրել Ձեր թշնամուն:
- Ես իմ բնավորության բոլոր գծերը կգերադասեմ ինձ պահել ու չնվիրել թշնամիներիս, որովհետև, փառք Աստծուն, թշնամիներ չունեմ:
- Ինչպե՞ս եք վերաբերվում այն մտքին, որ մարդիկ իրականում պատրաստ են վաճառել ամեն ինչ, միայն թե առաջարկվող գինը իրենց գոհացնի:
- Իմ խորին համոզմամբ, ամեն ինչ չէ, որ այս կյանքում պետք է վաճառվի: Սակայն, մեզ շրջապատող իրականությունը, ցավոք, այլ բան է ապացուցում: Ես ինքս էլ հաճախ ականատես եմ լինում մարդկանց, ովքեր հանուն փողի ամեն ինչի պատրաստ են: Ես դա չեմ ընդունում: Չկա ավելի մեծ հաճույք, քան «հալալ» քրտինքով վաստակած հացը:
- Ի՞նչ է Ձեզ համար փողը:
- Փողը, որքան էլ որ տարօրինակ չէ, մեր բոլորի կյանքում որոշակի դեր խաղում է և պետք է նշեմ՝ խաղում է բավականին առաջնային դեր: Ես կարևորում եմ փողը, սակայն փորձում եմ գերի չդառնալ դրան: Սիրում եմ ծախսել ու երբեք չեմ չափում մարդկանց իրենց գրպանի պարունակությամբ:
- Եթե հնարավորություն ունենայիք սեփական կյանքով փրկագին վճարել մեկ հոգու համար, ո՞վ կլիներ այդ մեկը:
- Իրականում դժվար է այս հարցի պատասխանը տալ, որովհետև ես չեմ ինձ կյանք տվել և ես չէ, որ պիտի որոշեմ` ինչ անեմ կյանքիս հետ: Սակայն, եթե փորձենք ենթադրել, որ նման բան հնարավոր է, կարծում եմ դա կլիներ ընտանիքիս անդամներից յուրաքանչյուրը:
- Կարո՞ղ եք հիշել` որն է եղել Ձեր մանկության ամենամեծ վախը:
- Մի անգամ ես հարձակման եմ ենթարկվել` կատվի կողմից… Մի կատու թռավ վրաս ու սկսեց ճանկռել: Ես առ այսօր սարսափելի վախենում եմ կատուներից: Եթե ճանապարհիս հանդիպի մի մեծ շուն, ես չեմ վախենա, բայց կատուներից…
- Եթե կարողանայիք ձեր ուղեղից անվերադարձ ջնջել մեկ հիշողություն, ո՞րը դա կլիներ:
- Ես բնավորությամբ շատ ընկերասեր ու մարդամոտ եմ: Շուտ եմ նվիրվում մարդկանց ու շատ ծանր եմ տանում դավաճանությունը: Ցավոք իմ կյանքում նման դեպքեր եղել են, և երբ ես հիշում եմ այդ մարդկանց, կամ պատահաբար հանդիպում եմ նրանց, նորից վերապրում եմ վիրավորանքն ու ցավը, որ նրանք ինձ պատճառել են: Շատ կցանկանայի որ իմ ուղեղից ի սպառ ջնջվեին նման մարդիկ ու նրանց հետ կապված բոլոր հիշողությունները:
- Դեպք, որը չէիք ցանկանա ջնջվեր չէր Ձեր հիշողությունից:
- Ես միշտ մեծ ջերմությամբ եմ հիշում իմ մանկության ըներոջը, ով ցավոք այլևս չկա: Իմ ամենալավ հուշերի մեծ մասը կապված են նրա հետ` մենք միասին ենք մեծացել: Ես հիշում եմ, թե ինչպես մենք միասին գնացինք առաջին դասարան, հիշում եմ, թե ինչպես էինք խաղում, չարաճճիություններ անում, աղջիկներին էինք ժամադրում… Ընկերոջս հետ կապված բոլոր լավագույն հիշողությունները միշտ կապրեն իմ մեջ ու ես չեմ ցանկանա, որ դրանք երբևիցե ջնջվեն. ոչ մի դեպքում…
- Մարդիկ, որոնց բացակայությունը Ձեր կյանքում չեք պատկերացնում:
- Իմ հարազատները, ընտանիքիս անդամները, ընկերուհիս…
- Մի պահ ենթադրենք, որ մարդիկ ունենում են մի քանի կյանք. Ձեր հաջորդ կյանքում ո՞վ կամ ի՞նչ կցանկանայիք լինել:
- Չգիտեմ, թե ով կամ ինչ կցանկանայի լինել իմ հաջորդ կյանքում, սակայն մի բան հաստատ է. կարևորը լավ մարդ լինելն է: Մասնագիտությունը պաշտոնը էական չեն, եթե դու լավ մարդ ես:
- Եթե ռեփեր լինեք, Ձեր երգերի միջոցով ինչի՞ց կբողոքեիք:
- Ես համաձայն չեմ, որ ռեփերները միշտ պետք է բողոքեն: Ամեն դեպքում, եթե ես ռեփեր լինեի չէի բողոքի. ես ընդհանրապես բողոքել չեմ սիրում: Իմ կյանքում ամեն ինչ այդքան էլ վատ չէ, և եթե որոշ բաներ էլ իմ ուզածի պես չեն ընթանում, դա ընդամենը ժամանակի խնդիր է:
- Ձեր մասին երբևէ լսած ասեկոսեներից ո՞րն է Ձեզ ամենից շատ զայրացրել և ո՞րը` զվարճացրել:
- Իրականում ինձ հետ կապված խոսակցություններն ու շշուկները երբեք էլ ինձ չեն զայրացրել: Երևի այն պատճառով, որ դրանք երբեք չեն եղել զրպարտիչ և չեն վիրավորել իմ ինքնասիրությունը: Ես դրանց միշտ ժպիտով եմ վերաբերվել: Իսկ ամենից շատ զվարճացրեց իմ և Մաշա Մատվեևայի ամուսնության մասին ասեկոսեն: Այդ բամբասանքը սկսեց պտտվել այն ժամանակ, երբ մենք երկուսով մասնակցում էինք «Երկու աստղ» նախագծին ու երգեցինք հարսանիքի մասին մի երգ` հարսանեկան տեսարաններով:
Հեղինակ՝ Քրիստինե ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ