Այսօր ռուսաստանցի հայտնի երգիծաբան Եվգենի Պետրոսյանը սրտի բարդ վիրահատության է ենթարկվել: Նրան վիրահատել է Բակուլեւի անվան սրտանոթային վիրաբուժության մոսկովյան կենտրոնի ղեկավար, սրտաբան Լեո Բոկերիան:
Ինչպես հայտնում է Life News-ը, 67-ամյա երգիծաբանը ենթարկվել է սրտի բարդ վիրահատության` փոխելով նրա սրտի փականը եւ տեղադրելով երկու ստենտ:
Պետրոսյանը սրտաբանական կենտրոն էր դիմել դեռ նախորդ շաբաթվա վերջին: Մի քանի օրվա ընթացքում արտիստը մանրամասն հետազոտվել էր, որից հետո նրան ենթարկել էին անոթային հետազոտության: Այդ ժամանակ Եվգենի Պետրոսյանը ելույթի համար լքել էր հիվանդանոցը, սակայն արդեն գիտեր, որ պետք է վիրահատվի:
Վիրահատությունից հետո երգիծաբանին վերակենդանացման բաժանմունք են տեղափոխել, որտեղ նա հետվիրահատական վերականգնում է անցնելու: